ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որն էր կենդանիների անկման պատճառը
2018-11-14 17:34:08

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

 

Մի քանի օրվա տարբերությամբ Երևանի կենդանաբանական այգու երկու տեսակի կենդանիները՝ շուրջ երկու տարի առաջ քնեցված 3 առյուծներն ու մեկ օր առաջ անկում ապրած զեբրը մեծ ուշադրություն հրավիրեցին այգու վրա: Նախկին աշխատակիցները պնդում են, որ քնեցվել են առողջ կենդանիներ, այգու տնօրինությունը պատասխանը հիմավորում է փաստաթղթերով:


 

Մոտ մեկուսկես տարի առաջ Երևանի կենդանաբանական այգու երեք առյուծներին, հայտնաբերված հիվանդության պատճառով, քնեցրել էին:

Այգու նախկին աշխատակցուհի Անժելա Ջավադյանն իր ֆեյսբուք սոցիալական կայքում հրապարակած նկարներով նորից թարմացրեց  գրեթե երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքը:

Ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնված Անժելա Ջավադյանն ասում է՝ աշխատել է Երևանի կենդանաբանական այգում 5-6 տարի: Մանրամասնությամբ ներկայացնում է մոտ երկու տարի առաջ տեղի ունեցածը, վստահեցնում՝ կենդանաբանական այգու նախկին աշխատողներից միայն ինքը չէ, որ կարող է փաստել իր խոսքերի ճշմարտացիությունը: 

«Գրեթե 1.5-2 տարի առաջ մենք ունեինք 8 առյուծ, որոնցից 4-ը որձ էին. որձերից 3-ին քնեցրեցին առանց պատճառի։ Ես անգամ կարող եմ ասել, թե որտեղ են նրանց թաղել: Կան ապացույցներ, թե ինչ է ժողովին ասել Ռուբեն Խաչատրյանը»:

Ի՞նչ ապացույցների մասին է խոսքը. հարցին այգու նախկին աշխատակցուհին պատասխանում է՝ գրավոր ու բանավոր ապացույցներ չկան, բայց իր խոսքերը կարող են հաստատել կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ ևս: Փոխարենը՝ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը ներկայացնում է խոտանված կենդանիների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում: Հիմնավորումները՝ մանրամասն:

«2017 թվականին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կենդանի հավաքածուի մեջ հաշվառվում էր աֆրիկյան առյուծների (Panthera leo) ոչ էքսպոզիցիոն, տարիքով ծեր, անբուժելի առողջական խնդիրներ ունեցող թվով 3 (երեք) արու առանձնյակ:

Վերջիններիս քանակական, տարիքային համամասնությունը, արյունակցական ու գենետիկ կապերը չէին համապատասխանում տեսակի զուգավորման և վերարտադրության պահանջներին, իսկ առկա ազատավանդակների չափերը չէին բավարարում գիշատիչ տեսակների բազմացման կենսապահանջը:

 2016թ.-ի փետրվարից Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը պարբերաբար տեղեկացրել է կենդանիների վատառողջ լինելու և նշանակված բուժումների անարդյունավետ լինելու մասին և էֆթանազիա անելու թույլտվություն է խնդրել՝ ղեկավարվելով Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի (EAZA) Էվթանազիայի կարգով (EAZA Euthanasia/Culling Statement) և ՀՀ գործող օրենսդրությամբ»:

 

 

Մի քանի օրվա տարբերությամբ, նոյեմբերի 13-ին, Երևանի կենդանաբանական այգու շուրջը նոր խոսակցություններ սկսվեցին: Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունից փոխանցում են՝ զեբրը անկել է:

Դեռ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Կենդանու հիվանդության և նրա անկման հետ կապված մանրամասները փոխանցում է  կենդանաբանական այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:


«
Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսենիում) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները»:


Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։

0:00
0:00