ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ վրա
2018-11-14 18:06:53

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այս ամսվա սկզբից Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները վերստին ուժի մեջ են մտել, դրանք հիմնականում ուղղված են տնտեսության ու բանկային համակարգի դեմ: Բնականաբար, իրանական պատժամիջոցների առումով Հայաստանում զգուշավորություն կա՝ հաշվի առնելով Հայաստանի շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝  անհանգստություններն անհիմն չեն, սակայն Իրանը Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում, ըստ նրա, բավականին համեստ գործընկեր է, արտաքին առևտրաշրջանառությունն Իրանի հետ կազմում է ընդամենը 4.5 տոկոս:

«Բանկային համակարգի դեմ սանկցիաները ենթադրում են  գործարքների արգելք: Մելլաթ բանկը ներմուծման- արտահանման գործարքների սպասարկման  բանկ է, այո, կարող է որոշ չափով տուժել: Կարող է զբոսաշրջությունը տուժել: Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը կարող է տուժել, որը սկսվել է ու վերջը չի երևում»:

ՀՀ քաղաքացին պատժամիջոցների հետևանքով, թերևս, իրանական լայն սպառման ապրանքների մասով կարող է սահմանափակումների հանդիպել: Սակայն այս առումով անելիք ունի ԵԱՏՄ-ն՝ ասում է տնտեսագետը՝ մատնացույց անելով Իրանի ու  ԵԱՏՄ երկրների միջև կնքված  ազատ առևտրի պայմանագիրը:

Կարեւոր է նաեւ առևտուրը ազգային արժույթով իրականացնել դոլարի ամրապնդման ամերիկյան քաղաքականության ջրաղացին ջուր չլցնելու համար:

ԵԱՏՄ երկրները ոչ միջնորդավորված արժույթով առևտուր իրականացնելու խնդիր ունեն՝ կարծում է Մարգարյանը։


Տնտեսագետները
հաշվարկներ են անում ու ելքեր մատնանշում, իսկ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը բաց երկխոսություն է վարում բոլոր կողմերի հետ։

Ատոմ Մարգարյանը մի քանի նախագծերի իրականացման կարևորության մասին է նաև խոսում: Հաշվի առնելով, որ Իրանը նավթի վաճառքի խնդիր ունի, ճիշտ համարեց Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը, ինչը կնպաստեր իրանական նավթի արդյունահանմանը ու կթեթևացներ պատժամիջոցների հարվածը

Ժամանակին, երբ վերացվեցին իրանական պատժամիջոցները, խոսվում էր Իրան-Հայաստան երկաթգծի գործարկման հավանականության մասին։ Հաշվի առնելով այդ նախագծի արժեքը, ըստ որոշ հաշվարկների կպահանջվի 3.5 մլդ դոլարից ավելի, եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, ծրագիրը սառեցվեց:

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ այդ թանկարժեք նախագիծը կյանքի կոչվելու դեպքում մեծապես կօգներ բարդ վիճակում գտնվող Իրանին: Սակայն այս հարցում պետք է շահագրգռություն դրսևորեին ու ֆինանսական ներդրումներ անեին խոշոր խաղացողները՝ Ռուսաստանն ու Չինաստանը:

0:00
0:00