ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՍԴ նոր դատավորի ընտրության հարցը` ԱԺ օրակարգում
2019-03-18 18:40:48

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Մի քանի ամիս է  ՍԴ-ում դատավորի թափուր մի քանի տեղ կա եւ նոր դատավորներն  այդպես էլ չեն ընտրվում: Նախորդ ԱԺ-ն 3 անգամ չի կարողացել ընտրել ՍԴ անդամ՝ այդ գործը թողնելով նոր խորհրդարանին: Առաջիկայում ՍԴ նոր դատավորի ընտրության հարցը կրկին կհայտնվի օրենսդիր մարմնի օրակարգում: 
 

Այս անգամ, սակայն, ընտրության ընթացակարգում որոշակի փոփոխություններ կլինեն: Սահմանադրական դատարանի դատավորներին, ըստ Սահմանադրության,  ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով եւ տասներկու տարի ժամկետովԹեկնածուներին, սակայն, առաջադրում են  հանրապետության նախագահը, կառավարությունն ու Դատավորների ընդհանուր ժողովը:

 

Մի քանի օրից պարզ կդառնա, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ում թեկնածությունն է առաջադրելու ԱԺ-ին ՍԴ դատավորի՝ ամիսներով թափուր մնացած տեղի համար: Նախագահը մինչեւ մարտի 20-ը ժամանակ է տվել իր իսկ ստեղծած իրավաբանների խմբին՝ դատավորի թեկնածուի վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Այս կարգն, ի դեպ, նորամուծություն է:

 

Նախորդ խորհրդարանի տապալված փորձերից հետո 100-ից ավելի փաստաբան եւ շուրջ 30 ՀԿ ներկայացուցիչներ 4 ամիս առաջ դժգոհեցին ընտրության ընթացակարգից ՝ հայտարարությամբ առջարկելով ստեղծել խորհրդատվական մի մարմին, որը նախքան թեկնածուին խորհրդարանին ներկայացնելը՝ հանրապետության նախագահին մասնագիտական խորհուրդներով կօգներ ճիշտ ընտրություն կատարել: Այն ժամանակ հայտարարության տակ ստորագրածների թվում էր փաստաբան Երվանդ Վարոսյանը:  

«Արդեն իքնին դրական փաստ է, որովհետեւ հակառակ պարագայում նախագահը պետք է ուղղակի միանձնյա որոշում կայացներ, առանց համապատասխան հանգամանքներ հաշվի առնելու: Հիմա առնվազն ստեղծված է այդ մարմինը եւ ես լիահույս եմ, որ նախագահը ճիշտ որոշում կկայացնի»,- ասում է Վարոսյանը:

 

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել 3 հավակնորդ՝ Վահե Գրիգորյանը, Գոռ Հովհաննիսյանը եւ Մարտին Մանուկյանը: Աշխատանքային խմբի անդամների կողմից թեկնածուի հավակնորդներից Գոռ Հովհաննիսյանի հետ զրույցը տեղի է ունեցել մարտի 6-ին, իսկ մյուս երկու թեկնածուների՝ Վահե Գրիգորյանի եւ Մարտին Մանուկյանի հետ՝ մարտի 13-ին։

 

Հանձնաժողովը թերեւս արդեն հասցրել է խորհուրդներ տալ հանրապետության նախագահին եւ այժմ նրա հերթն է որոշում կայացնելու: Իսկ քանի դեռ հարցն Աժ-ի օրակարգում չէ, փորձենք հասկանալ՝ թեկնածուներից ով՝ ով է եւ ինչ պայքար է ընթանում նրանց միջեւ: Այս պահին արդեն շրջանառվում է վարկած, թե թեկնածուներից Վահե Գրիգորյանը չի կարող առաջադրվել: Խնդիրն այն է, որ նախորդ խորհրդարանին Արմեն Սարգսյանը ներկայացրել էր հենց նրա թեկնածությունը, իսկ «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված է՝ եթե ՍԴ անդամի ընտրությունը չի կայանում, ապա Հանրապետության նախագահը առաջադրում է նոր թեկնածու: Այստեղ առանցքային է հենց «նոր թեկնածու» ձեւակերպումը: Փաստաբան Երվանդ Վարոսյանի մեկնաբանմամբ՝ այս ձեւակերպումը վիճահարույց լինել չի կարող:

Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա հիմնական պայքարը ծավալվելու է թերեւս երկուսի միջեւ: Հավանական թեկնածուներից մեկը Վահե Գրիգորյանն է: Նա  մարդու իրավուքների ԵԴ-ում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է, տարբեր տարիներին ՍԴ-ում վիճարկել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին նրա  օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։

Դեռ այն ժամանակվանից հայտնի են Վահե Գրիգորյանի նախընտրական ծրագրերը:

« ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մեր դատողությունները մենք կարող ենք կառուցել արդեն ԵԴ-ի կողմից արդեն տեղատարաի նման եկող վճիռների եւ այդ վճիռներով արձանագված խախտումների բնույթից եւ խախտումների խորությունից: Ես հավատում եմ, որ ՍԴ-ն ի վիճակի է իրավիճակ փոխել այս ոլորտում, սակայն, ՍԴ-ն՝ ինքը, վերափոխումների, տրանսֆորմացիաների խորը անհրաժեշտություն ունի: Օրենսդիր եւ գործադիր տանդեմին ՀՀ 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների կառուցվածքի մոդելով մնացել է ՍԴ-ն»,- ասում էր Գրիգորյանը ԱԺ-ում:

Մյուս թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է՝ Հագենի Համալսարանի Գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ: Նրա վերջին մեկնաբանություններից մեկն է, որ Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը: Երրորդ թեկնածու Մարտին Մանուկյանի մասին թերեւս ոչինչ հայտնի չէ: Համենայնդեպս համացանցը եւ արխիվները լռում են թեկլնածուի հրապարակային գործունեության մասին:  

 

0:00
0:00