ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
YouTube-ի բլոգերները կհարկվե՞ն
2019-03-18 18:58:24

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանը փորձում է իրավական կարգավորումների դաշտ տեղափոխել  YouTube-ի  և հայ օգտատերերի համագործակցությունը: Խոսքը, մասնավորապես,  վճարովի ծառայությունների հասանելիությունը Հայաստանում ապահովելու մասին է: Այս խնդիրը լուծելու համար աշխատանքային խումբ է  ձևավորվել:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քայլեր է ձեռնարկում Google-ի YouTube partner ծրագիրը Հայաստանում հասանելի դարձնելու ուղղությամբ: Հայաստանյան օգտատերերը չեն կարողանում օգտվել ծրագրի  վճարովի ծառայություններից: Այդ հնարավորություններից նրանք օգտվում են  այլ երկրներում գրանցվելու  միջոցով և, բնականաբար, այնտեղ թողնում իրենց շահույթի մի մասը: Սրանով կորցնում են նաև  YouTube-ի կամ Google-ի գործողությունների դեմ բողոքելու հնարավորությունը: Կան օգտատերեր, որոնք ընդհանրապես կորցրել են իրենց ամբողջ կոնտենտը՝  ասում է ՏՏ փորձագետ Վահան Հովսեփյանը:

«Ներկայումս այս հանձնաժողովի խնդիրը  այդ հարցը լուծելն է  ի շահ հայ օգտատերերի` ստեղծելով լավ հարթակ, լավ հնարավորություններ գումարներ աշխատելու  և օրինական հիմքի վրա գործունեություն ծավալելու համար»:

Վիդեոբլոգեր Ագնեսա Խերանյանն ԱՄՆ-ում է գրանցել  յութուբյան իր ալիքը. ներկայացնում է նորաձևության, դիմահարդարման գաղտնիքները , հետաքրքիր դրվագներ ճամփորդություններից: Հերքում է տարածված այն կարծիքը, թե YouTube-ը գումար աշխատելու լավագույն հարթակներից է:  Ասում է`ավելի շատ գումար  ապահովում են գովազդները: Իսկ YouTube-ում հաջողությունը կախված է  դիտումների  քանակից:  

«Կարելի է տեղափոխվել, նայած պայմաններն ինչպես կլինեն: Եթե տարբերությունը մեծ չլինի, ինձ թվում է անիմաստ է տեղափոխվելը: կամ էլ ինձ թվում է կտեղափոխվեմ, քանի որ յութուբին պետք է հասկացնել, որ  Հայաստանում կան վիդեոբլոգերներ, Հայաստանում կան  օգտատերեր, որոնք պետք է դառնան իրենց գործընկերը»:

Ինտերներտի կառավարման խորհուրդ միջգերատեսչական հանձնաժողովի փորձագիտական խումբը նախատեսում է հոկտեմբերին  արդեն ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանից գրանցվող օգտատերերի համար:  YouTube-ով գործունեություն ծավալող և եկամուտներ ստացողները հնարավոր է հայտնվեն  նաեւ հարկային դաշտում:  Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չի բացառել  YouTube -ից ստացված եկամուտների հարկումը:

«Կարծում եմ, որ այո, դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերվում: Ինչպես գիտեք հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում և միկրոբիզնեսը չի հարկվելու, սակայն դրանից ավելի շրջանառություն ունեցողները, իհարկե, կարող են մտնել հարկային դաշտ»:

Փորձագիտական խմբի անդամ Վահան Հովսեփյանի տեղեկացմամբ՝ այլ երկրներից գրանցվելու դեպքում Google-ն ինքն է հարկում օգտատերերի  շահույթը: Այսինքն,  այն օգտատերերը, որոնք Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից են օգտվում ծրագրից, իրենց գումարները  ստանում  են հարկված:  Հայաստանից ծրագրում ընդգրկվելու  դեպքում հարկման մեխանիզմներն առայժմ պարզ չեն: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ արվելու է  կրկնակի հարկումը բացառելու և հարմար պայմաններ ապահովելու համար:  

0:00
0:00