ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տոկաեւը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը
2019-03-20 11:10:12

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Ինչպես նշում է nur.kz կայքը, Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը:

Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:

«Ղազախստանի Հանրապետությունն իր բոլոր նվաճումների և հաջողությունների, իր սրբազան անկախության համար պարտական է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը ԽՍՀՄ ավերակների վրա ստեղծեց ու գլխավորեց նոր պետություն և, ի հեճուկս վատատեսական կանխատեսումների, այն հաջողության բերեց»,-ասել է նորանշանակ նախագահը:

Տոկաևից առաջ խորհրդարանի երկու պալատների առջև ելույթ էր ունեցել լիազորությունները վայր դրած Նուրսուլթան Նազարբաևը: Վերջինս երեկ ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Նազարբաևը պաշտոնական նստավայրից կտեղափոխվի իր՝ Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք, որն Աստանայում է:

Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի ՀԱՊԿ-ում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»,- ասել է Սեմերիկովը: Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու: