ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանը կհայտնվի նախահեղափոխական վիճակում
2018-11-15 10:03:21

Գիտա Էլիբեկյան
 «Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանում ընդդիմադիր թեկնածուի նախագահ ընտրվելու դեպքում հնարավոր է երկիրն արտակարգ դրությունում հայտնվի։

 «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն։

Մեկնաբանելով Վրաստանյան սահմանադրությունը, նա ընդգծել է, որ չնայած նախագահի էլ ավելի սահամանփակվող  լիազորություններին, երկրի ընդդիմադիր ղեկավարն իր հայտարարություններով փորձելու է համախմբել ներկա իշխանություններից հուսախաբ եղած քաղաքացիներին՝ իր կոչերով անկայունություն ստեղծելով երկրում։

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին քննարկվող գլխավոր թեման ընդդիմադիր թեկնածուի հավանական հաղթանակն է։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին առաջին փուլում տրված քվեները հավասարվում են իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին տրված ձայներին։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր մի խումբ թեկնածուներ երկրորդ փուլում կաջակցեն Վաշաձեին, ենթադրվում է, որ վերջինս կհաղթի։ Սակայն փորձագետները սա միանշանակ չեն պնդում, որովհետև քաղաքացիներն ակտիվ մասնակցություն չեն ունեցել առաջին փուլում, պարզ չէ ընտրությանը չմասնակցածներն ում կընտրեն երկրորդ փուլում։

Խորհրդարանական Վրաստանում սահմանադրական վերջին փոփոխությամբ ընտրվող նոր նախագահի լիազորություններն էլ ավելի սահմանափակ կլինեն։ Նախագահը գրեթե ամեն ինչ անում է կառավարության համաձայնությամբ, սակայն կպահպանի վետոյի, քաղաքացիություն և համաներում շնորհելու իրավունքը։

Սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ առաջին քայլը, որ Վաշաձեն նախագահ ընտրվելու դեպքում կանի, ինչպես արդեն նախապես հայտարարել է, դա Սաակաշվիլիին քաղաքացիություն և համաներում շնորհելն է։ Այս ողջ զարգացումներն ըստ սահմանադրագետի կարող են երկիրը նախահեղափոխական վիճակի բերել

«Բացի այդ հասարակության մի մասը կարծում է, որ Վաշաձեի նախագահ ընտրվելու դեպքում նրա հայտարարությունները կարող են քաղաքական անկայունության հասցնել։ Դա բացասաբար կազդի նաև տնտեսության վրա»

Խմալաձեի խոսքով, այսօր, երբ իշխող «Վրացական երազանք»-ի վարկանիշը բավականին իջել է վերոնշյալ զարգացումները շատ հնարավոր են դառնում։

Ընդդիմությունը հաղթանակի դեպքում ակնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

 «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր են այն դեպքում, եթե խորհրդարանը չկարողանա կառավարություն ձևավորել։ Իսկ նման իրավիճակ հնարվոր է, եթե գործող վարչապետը հրաժարական տա։ Այսինքն այդպիսի իրավիճակ կարելի է ստեղծել արհեստականորեն, այնպես ինչպես Հայաստանում՝ նախնական համաձայնությամբ»։

Սահմանադրագետն ասում է, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Վրաստանում նախագահական ընտրություններից հետո, սակայն իշխանափոխությունը չի բացառում։

 «Հիմա նախագահը որևէ լիազորություն չունի իշխանությունների աշխատանքը ղեկավարելու, սակայն նա հաճախ հենվելով ժողովրդի վրա, կարող է լարել իրավիճակը, բարձրացնել քաղաքական ջերմաստիճանը, ինչը կհանգեցնի անկարգությունների»։

Վրացի սահմանադրագետը հույս ունի Վաշաձեի նախագահ ընտրվելու դեպքում կողմերը համագործակցության կգնան։

0:00
0:00