ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր երջանկության միջազգային օրն է
2019-03-20 16:40:04

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երջանկության բանաձևեր տարբեր ժամանակներում առաջարկվել են շատերի կողմից, դարձել են կարգախոսներ, ապրելակերպ, փոխել են կյանքե ր: Աշխարհում կա ավելի քան 7 միլիարդ անձնական երջանկություն, բայց ընդամենը մեկ միջազգային զգացում բոլորի համար:

Չինացիները կարծում են, որ եթե ուզում ես երջանկություն մեկ ժամով, ապա պետք է ննջել,  եթե երջանկությունն անհրաժեշտ է  մեկ օրով, պետք է գնալ ձկնորսության, եթե խոսքը երջանկության մեկ տարվա մասին է, պետք է ժառանգություն ստանալ, իսկ եթե փնտրում եք երջանկություն ամբողջ կյանքի համար, օգնեք, որ ուրիշները գտնեն իրենց երջանկությունը:

Չինական ասացվածի մոտիվներով, բայց տարբերվող ու հայկական ճանապարհով, մի քանի ամիս է լրագրող Մարինա Բաղդագյուլյանը մեր շրջապատում երջանիկների է փնտրում, գտնելով՝ փորձում բացել երջանկության ամենատարբեր բանաձևեր, հավաքագրել համահայկական երջանկության մասին պատկերացումները:

Լրագրողն իր լսած ու տեսած երջանիկներից  առանձնացնում է Հոլանդիայում ապրող նկարիչ Ալիկ Ասատրյանին: Իր զրուցակիցներից ամենաերջանիկը չի եղել, բայց ամենաանկեղծներից մեկն է եղել:

«Նկարիչ, որ Հայաստանից գնացել է, ապրում է դժվարին պայմաններում, ստիպված է եղել աշխատել հոգեբուժարանում: Հոգեբուժարանից տվյալներ էր ասում, համեմատություններ անցկացնում, որոնք ինձ տպավորել են», -ասում է Ասատրյանը:

Դժբախտ ու երջանիկ մարդիկ արտաքնապես տարբերվում են՝ երջանիկները հաճախ են ժպտում, ուրախ են, բայց ֆիզիկապես դժբախտ ու երջանիկ մարդու օրգանիզմն իրարից չի տարբերվում, ասում է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:

Բայց մարդկանց օրգանիզմում երջանկություն արտադրող հորմոններ կան, և դրանք «աշխատում են» ամենատարբեր գործողություններից, պահերից ու ապրումներից:

«Դուք կարող եք շոկոլադ կամ հնդկահավի միս օգտագործել, օրինակ՝ դրանց մեջ կան համապատասխան հորմորնները, որոնք կստիպեն ավելի երջանիկ լինել»,- նշում է բժիշկը:

Լրագրողին, որ հավաքում է երջանկություններ, հարցնում եմ՝ դրանից դարձե՞լ է ավելի երջանիկ: Ժպտում է ու պատասխանում՝ երջանկության մասին ֆորմուլաներ առաջարկելուց խուսափում է: Հարցի պատասխանը պատկերով կտա, որ հստակ հոտ, համ, եղանակ ու գույն ունի:

«Մի անգամ փողոցում խաղում էի, երբ իմացա, որ մեր բակի մի աղջկա մայրիկ մահացել է: Բարձրացա տուն ու տեսա, որ խոհանոցում մայրս աշխատում ու երգում էր: Այդ պահին ես շատ ուժեղ երջանկության զգացում ապրեցի, որ մայրս կա»:

Ասում են՝ երջանիկ մարդիկ գեղեցիկ են: Նրանք ասես հայելի լինեն, որը երջանկություն է արտացոլում: Կա նաև կարծիք, որ երջանկությունը նպատակ չէ, այն հետևանքն է ճիշտ ու լավ ապրած կյանքի: Խոսում են նաև, որ երջանկությունը համբույրի նման է: Դու պետք է տաս այն մեկին, որպեսզի կարողանաս հաճույք ստանալ դրանից:

Ի վերջո, հազար ու մի բան են ասում, բայց  երջանկությունն ինչքան էլ փոխի իր գույնը, հոտն ու համը, եղանակն ու տարիքը՝ անկախ ամեն ինչից, ինչպիսի պատկեր էլ ունենա, աշխարհի բոլոր մարդիկ երջանկություն ապրելիս նույնն բանն են զգում:

0:00
0:00