ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆինանսական խախտո՞ւմ, թե՞ անձնական հաշվեհարդար. Արտավանի դպրոցի խնդիրը
2019-03-21 10:48:32

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վայքի Արտավան գյուղի դպրոցի խնդիրները հասել են մարզպետարան ու նոր մարզպետին: Կառավարման խորհրդի նախկին նախագահ Սասուն Վարդանյանը պնդում է՝ այն պահից, երբ սկսել է կասկածի տակ դնել դպրոցի տնօրենի գործողությունների օրինականությունը, վերջինը կամայական որոշումներով իր դեմ է սկսել գործել՝ կրճատելով իր հաստիքը:

Սահմանամերձ գյուղի ընդամենը 23 աշակերտ ունեցող դպրոցում ուսումնական գործընթացը հարթ չի ընթանում: Խնդիրներն առանց այն էլ շատ են՝ պատմում է Արտավանի դպրոցի կառավարման խորհրդի արդեն նախկին նախագահ, ուսուցիչ Սասուն Վարդանյանը: Աշակերտների թիվն այնքան է նվազել, որ որոշ դասարաններ նույնիսկ չեն կազմավորվում. 8-րդ եւ 9-րդ դասարաններ չկան, մասնագետների խնդիր կա: Սա դեռ մի կողմ՝ դպրոցի կառավարումն էլ թերի է ու կասկածելի:

«3 տարվա ընթացքում կառավարման խորհուրդը տնօրենից պահանջել է ներկայացնել բյուջեի տնտեսված գումարների չափը, սակայն ոչ մի հիմնավոր գրավոր պատասխան: Միայն բանավոր՝ ունենք այսքան կամ այնքան գումար»,- ասում է Սասուն Վարդանյանը

Դպրոցն ունի խնայված բյուջե, տարիների սուղ միջոցներից է գոյացել՝ պատմում է Վարդանյանը: Այստեղ ուսուցիչներն աշխատում են ողջ հաստիքով, սակայն վարձատրվում կես դրույքի չափով, ինչը պատճառաբանվում է երեխաների փոքր թվով: Իսկ երբ կառավարման խորհուրդն առաջարկել է դպրոցի խնայողության մի մասն աշխատավարձի բարձրացմանն ուղղել, տնօրենը հանկարծ որոշել է համալրել 3-րդ պահակի՝ տարիներով պետք չեկած հաստիքը՝ անտեսելով իրենց բարձրացրած խնդիրը: Սասուն Վարդանյանը սա էլ է կասկածելի համարում.

«Ուսուցիչները դժգոհում են, բայց ներսում առանց ներկայացնելու: Տնօրենն ասում է՝ էսպես է, ուրեմն էսպես է: Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք»:

Դպրոցի տնօրեն Գրավիկ Հովհաննիսյանը հաշվի չի նստում խորհրդի հետ ու կամայաբար է ղեկավարում դպրոցը՝ ահազանգում է Սասուն Վարդանյանն ու մեջբերում տնօրենի խոսքից.

«Ոչ մի գրավոր պատասխան: Ես էդպես չեմ ուզում: Ես այդ հավելյալ գումարի հաշվին պահակ եմ ընդունում»:

Սասուն Վարդանյանը պնդում է՝ միայն այն պատճառով, որ ինքը պահանջել է թափանցիկ դարձնել դպրոցի ծախսերն ու հիմնավորել որոշումների օրինականությունը, տնօրեն Գրավիկ Հովհաննիսյանը հաշվեհարդար է տեսնում իր հանդեպ՝ կրճատելով ռազմագիտության ուսուցչի իր հաստիքը: Կոնֆլիկտը թեժացել է դեռ այն շրջանից, երբ ուսուցիչը, դեմ գնալով ԲՀԿ-ական տնօրենի սահմանափակումներին, մասնակցել է հանրահավաքներին.

«Դրանից հետո տնօրենը որոշեց դպրոցի 6 միավորը իջեցնել 5 ու կեսի, ու այդ հիմքով իմ հաստիքը կրճատեց: Ասաց՝ կրճատելու եմ ու կրճատեց»:

Գրավիկ Հովհաննիսյանը դպրոցը ղեկավարում է դեռ 2003-ից, բայց այս ընթացքում մի պահ դադարել է աշխատել՝ առանց իրական աշխատողի հաստիք ձեւակերպելու խախտման համար: Հիմա էլ նույն տնօրենն իր ցանկությամբ կազմավորում է կառավարման նոր խորհուրդ՝ լուծելով 2 հարց՝ առաջ տանելով իր որոշումները եւ հետագայում իր վերընտրման հարցը՝ ասում է Վարդանյանը: Ինքը՝ դպրոցի տնօրենը, «Ռադիոլուրի» հարցերից անակնկալի չի գալիս, արդեն տեղյակ է բողոքներից ու դրանց միանգամից արձագանքում է այսպես.

«Եթե կառավարման խորհուրդն ամբողջությամբ իրավացի լինի, ես ո՞վ եմ, որ չընդունեմ: Բայց եթե խորհրդում 5 անդամից 3-ը արձանագրության տակ չի ստորագրել, ե՞ս եմ դրա համար պատասխան տալիս»:

Տարակարծությունների հիմքում դպրոցի տնօրենը տեսնում է ոչ թե իր գործողությունները, այլ խորհրդի ոչ բանիմաց լինելը: Չգիտեն իրենց աշխատանքն ու պարտականությունները՝ ասում է: Ընդունել նոր պահակի՞, թե՞ աշխատավարձ բարձրացնել՝ դա կառավարման խորհրդի լուծելիքը չէ՝ նկատում է, ապա հարցին հարցով հակադարձում՝ ուսուցիչների աշխատավա՞րձն է կարեւոր, թե՞ դպրոցի կառավարումը:

«Որ օրն ասեք, ես պատրաստ եմ՝ մարզպետի, փոխմարզպետի մոտ, որի մոտ կուզեք՝ գնանք, նստենք, ես բացատրեմ», ասում է սնօրեն Գրավիկ Հովհաննիսյանը:

Դպրոցի տնօրենը բացառում է իր կողմից կամայական մոտեցումներն ու ֆինանսական չարաշահումներն: Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն իր հերթին է շեշտում.

«Վերջին անգամ դպրոցում ֆինանսական ուսումնասիրություն է արվել անցյալ տարի ու ոչ մի խախտում»:

Արփիար Ղազարյանն այս ու մյուս կողմի դիտարկումներին ծանոթ է, խնդրահարույց հարցերին էլ: Ուսուցչին մեկի փոխարեն կես հաստիքով վարձատրելը, նույն դասի ընթացքում 2 տարբեր առարկա դասավանդելը բացատրում է աշակերտների փոքր թվաքանակով: Նման լուծումն ընդհանուր է սահմանամերձ դպրոցների համար, եւ հնարավոր չէ առանձին դպրոցում աշխատավարձ բարձրացնել կամ կրթական մոտեցում փոխել: Երրորդ պահակի կարիքն էլ առաջացրել է հանցագործությունների աճի ռիսկը՝ ասում է Ղազարյանը.

«Շատ ենք փորձել խնդրին միջամտել, բայց իրենց մոտ կարծես ներքին ուրիշ խնդիր կա»:

Մարզպետարանի ներկայացուցիչն ամեն դեպքում խոստանում է Արտավանի դպրոցի խնդիրն իր բոլոր մանրամասներով նորից ներկայացնել մարզպետին: Նոր ֆինանսական աուդիտ կանցկացվի, եթե մարզպետն անհրաժեշտ համարի:

0:00
0:00