ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կ.Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի ապրիլի 21-ից հետո
2019-03-21 14:45:09

Կ.Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը տեղեկացրել է, որ Կ.Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի Սուրբ Հարության տոնից հետո: Իսկ ինչպես հայտնի է, այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը կնշի ապրիլի 21-ին:

Akunq.net-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, որ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ էր ստեղծվել մի իրավիճակ, երբ ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ պետությունը չգիտեր` ինչպես վարվել: Մի քանի տարի անց են միայն սկսել ընտրության մասին մտածել, քանի որ պարզվել է` պատրիարքի հիվանդությունն անբուժելի է.

«7 տարին լրանալուց հետո, մեր Եկեղեցու օրենքների համաձայն, անցանք ընտրության գործընթացին: 2017 թ. մի տեղապահ ընտրեցինք: Սակայն որոշ ժամանակով այդ գործընթացը ձախողվեց: Պատրիարքն այդ ժամանակ դեռ ողջ էր: Պետությունը հաղորդեց` ընտրության գործընթաց չպետք է սկսվի, քանի դեռ պատրիարքն ապրում է: Այսինքն` պետությունը չընդունեց տեղապահի ընտրությունը: 2018 թ. փետրվարին մի պահանջագիր եկավ, ըստ որի` ընտրություն չէր կարող կատարվել: Դրանից մի շաբաթ անց էլ ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն Չըրաղան պալատում հավաքեց մեր համայնքի ազդեցիկ դեմքերին և այնտեղ մեր համայնքին հայտնեց, որ երբ պատրիարքը վախճանվի, նորմալ ընտրության գործընթաց կմեկնարկի և կշարունակվի»:

Սրբազանը «Անադոլու»-ի թղթակցին նաև ասել է, որ երբ պատրիարքի վախճանի համար հայտարարված սուգն ավարտվի, պատրիարքի տեղապահ կընտրվի, կամ էլ գործընթացը կշարուկանվի արդեն իսկ գործող փոխպատրիարքի միջոցով. նման դեպքեր նախկինում էլ են գրանցվել: Նա նշել է.

«Այնուհետև անմիջականորեն ոչ հոգևոր դասից կազմված մի Ընտրությունը կազմակերպող հանձնաժողով կստեղծվի, որը կդիմի պետությանը` կանոնադրության պահանջով: Քանի որ ընտրության համար ոչ մի կանոնադրություն կամ օրենք չկա, ամեն անգամ պետությունը մեզ հատուկ կանոնադրություն է տալիս: Եվ ընտրությունը կկատարենք դրա համաձայն: Դա իրականացվում է` ըստ 1961 թ. Պատրիարքի ընտրության կանոնադրության: Տվյալ կանոնադրությունը ստանալուց հետո մենք նամակներ ենք գրում պատրիարքի թեկնածուներին, և նրանք որոշվում են: Այնուհետև թեկնածուներն սկսում են աշխատել. ամեն մի եկեղեցում ընտրատուփեր են տեղակայվում: Հետևաբար, յուրաքանչյուր թեկնածու հրապարակում է իր պատվիրակների ցանկը, և մի որոշակի օր մարդիկ գալիս են եկեղեցի, քվե տալիս, և նախ ընտրվում են այդ պատվիրակները: Մոտավորապես 70-ից 80 պատվիրակ է լինում: Պատվիրակներից յուրաքանչյուրին կցվում են 10-ական հոգևորականներ, այսինքն` նոր պատրիարքին ընտրում է 80-90 հոգանոց մի խորհուրդ: Պատրիարքն ընտրվելուց հետո երդվում է և անցնում իր պաշտոնական պարտականությունների կատարմանը: Ւ դեպ, պետությունը ճանաչում է նոր պատրիարքի վեղար կրելու իրավունքը, դա ինչ-որ առումով պատրիարքի պաշտոնական դառնալու գործընթացն է»:

Լրատվամիջոցի փոխանցմամբ` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը ևս պատրիարքի թեկնածու կառաջադրվի:

Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանցել է մարտի 8-ին՝ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 62 տարեկան հասակում: 2008 թվականից ի վեր Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ծանր հիվանդության հետևանքով առաջացած անգործունյա վիճակը համայնքի օրակարգ էր բերել նոր Պատրիարքի ընտրության հարցը։ Սակայն, ավելի քան 10 տարի այդ խնդիրն այդպես էլ չէր հանգուցալուծվել։