ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արեւաշատ Հայաստանի «արեւները»
2019-03-21 18:23:55

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մարտի 21-ին նշում են «արևների»՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը:

Կարինեն արդեն 4 տարի է «արև»-ի հետ է ապրում. որդին՝ 4-ամյա Արսենը, ծնվել է Դաունի համախտանիշով: Հերթով պատմում է՝ ժամանակի ընթացքում ապրումներն ու հույզերը, մոտեցումներն ու ապրելակերպն ինչպես են  դասավորել իրենց ճիշտ տեղերում:

Արդեն փորձառու մայրիկի ամենամեծ խնդիրը եղել է բավարար չափով տեղակացված լինելը, բայց նույն խնդիրն ունեցողներին  վստահեցնում է՝ ամեն բան հաղթահարելի է:

«Սկզբում տագնապը մեծ է լինում, որովհետև տեղեկացված չես լինում: Բժիշկների կողմից ճիշտ մոտեցում է պետք: Սկզբում ինձ շատ վախեցրին, փոխարենը՝ հանգստացնեին: Իրականում ամեն ինչ այդքան էլ սև գույների մեջ չէ»,- ասում է Արսենի մայրը:

Մայրը որդու մասին հուզմունքով է խոսում, ասում, որտեղ Արսենն իրեն լավ է զգում, այդ միջավայրը սիրելի է նաև իր համար: Միասին արդեն մեկ տարուց ավելի է «Մանկական զարգացման հիմնադրամ» են հաճախում:

Հիմնադրամում հոգեբան Թամարա Շամխարյանին երեխաներն էլ, ծնողներն էլ լավ գիտեն: Հասարակության վերաբերմունքը խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ փոխվել է դրականորեն՝ արձագանքում է հոգեբանը:

Ներառական կրթությունը, վստահաբար, ոչ միայն խնդիրներ ունեցողների համար է, այլև խնդիրներ չունեցողների:

«Ներառական ուսուցումն օգնեց ոչ միայն խնդիրներով երեխաներին, այլև առանց խնդիր երեխաներին, խնդիր չունեցող երեխաները սկսեցին հոգատար լինել իրենցից տարբեր երեխաների հանդեպ»,- ասում է Թամարա Շամխարյանը:

Կարինեն ասում է՝ իր կյանքը Արսենով փոխվել է, ստացել նոր գույներ ու երանգներ: Որդին դեռ չի խոսում, բայց վստահ է՝ իր ու շրջապատի սիրո չափաբաժինը եթե մի փոքր էլ ավելանա, դա էլ կլինի:

Ասում է՝ ամեն ինչի մասին կարողանում է խոսել՝ անգամ առանց բառերի:

«Հեռախոսս ձեռքիցս վերցնում, սկսում է ինքնուրույն զբաղվել, վերարկուն հագնում կանգնում է ու սպասում, որ գնանք զբասնելու: Ամեն ինչ կարողանում է բացատրել», - ասում է Կարինեն:

Սիրո, որպես ամենակարևոր դեղամիջոցի մասին հոգեբանն էլ է խոսում: «Եթե երեխան ստանում է սեր, ապա դինամիկան նկատելի է դառնում»,- ասում է հոգեբանը:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հաճախ են ժպտում, անսահման բարի են ու իրար արտաքնապես նման:

Ու եթե մեր  արտաքինը նման չէ մյուսի  արտաքինին, դա խնդիրներ չունենալու նշան չէ, այլ նշան է, որ պակաս բարի ենք, քան աշխարհում ապրող ժպտացող «արևները»:

0:00
0:00