ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ խախտում է արձանագրել Էթիկայի հանձնաժողովը Դավիթ Սանասարյանի վարքագծում
2019-03-21 18:47:10

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:

Եզրակացությունը սպասված էր, քանի որ Դավիթ Սանասարյան-Արամ Սիմոնյան հեռակա բանավեճը խմորվում է արդեն բավականին երկար ժամանակ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

էթիկայի հանձնաժողովի եզրակացության մեջ, մասնավորաբար, ասվում է.

Դավիթ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ինչը հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»:

Էթիկայի հանձնաժողովը վարույթը հարուցել էր  Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա: Այս ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրել է Սիմոնյանի դիմումը, դրանում նշված փաստերը, Սանասարյան-Սիմոնյան հեռակա բանավեճի համացանցային դրվագները, որոնք, ի դեպ քիչ չեն, ու հրապարակել իր եզրակացությունը:

Ըստ այդմ՝ հանձնաժողովը գտնում է՝

«Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ուսումնասիրության առնչությամբ հանրային իրազեկման եւ հաշվետվողականության ապահովման գործընթացում Դավիթ Սանասարյանը պետք է դրսեւորեր որոշակի զսպվածություն եւ շրջահայացություն՝հանրային ծառայության շահերին չվնասելու նպատակով»:

Հանձնաժողովի եզրակացության հիմքում տարբեր հարցազրույցների ժամանակ Սանասարյանի արած մի շարք հայտարարություններն են, մասնավորապես, «ԵՊՀ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ խայտառակ փաստեր ունենք»:

Սանասարյանը ֆեյսբուքյան մի գրառմամբ էլ հայտնել էր, որ, նախնական թվերով, հիմնադրամին հասցվել է 800 մլն դրամի վնաս: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը թեեւ հիմնական, վերջնական ասելիքը թողել էր իրավապահ մարմիններին, սակայն նաեւ շտապել էր փոխանցել, որ ԵՊՀ-ում ուսումնասիրությունները քրեական հանցագործության տարրեր եւս բացահայտել են

«Վստահեցնում եմ՝ եթե ուսումնասիրություններն ավելի երկար տեւեն, թվերը մի քիչ ավելի շատ գումարեն-հանեն, կստանան ավելին, քան ես ներկայացրել եմ»,- ասել էր Սանասարյանը:

Սանասարյանի հայտարարություններին ի պատասխան չէին ուշանում ԵՊՀ ռեկտորի հակադարձումները: Արամ Սիմոնյանը նախ հայտարարեց, թե իր հանդեպ մոտեցումները քաղաքական աստառ ունեն, դեռեւս չփաստարկված խախտումների մասին խոսելը վերագրեց իր կուսակցական պատկանելությանը ու պնդեց՝ հրաժարական չի տալու, դեռ թող ապացուցեն իր խախտումները:

Փոխադարձ մեղադրանքների փուլում, մինչ իրավապահները կպարզեին՝ կա՞ն խախտումներ, թե՞ ոչ, ռեկտոր Սիմոնյանը դիմել էր Էթիկայի հանձնաժողովին, որի եզրակացությունը եւ ստացվել է: Ավելի վաղ Սիմոնյանը «Ռադիոլուրին» բացատրել էր՝

«Դե որովհետեւ էթիկայի խախտումներ կային, դրա համար էլ դիմել ենք այդ հանձնաժողովին: Խախտումը տեղի է ունեցել: Ակնկալիքը՝ օրենքով սահմանված կարգով»:

Մինչդեռ Դավիթ Սանասարյանը չի ընդունում էթիկայի հանձնաժողովի եզրակացության արդյունքն ու պատրաստվում է այն վիճարկել դատական կարգով:

Լրագրողների հետ զրույցում Սանասարյանն անկեղծանում է՝ ժամանակին արել է արտահայտություններ, որոնցում կարող էր ավելի զգույշ լինել: Ինքը երբեւէ պաշտոնյա չի եղել ու այժմ իր պաշտոնավարման ընթացքում սեփական որոշ հայտարարություններից հետո հաշվի է նստել դրանց հանդեպ քննադատությունների հետ: Բայց սա այդ դեպքը չէ՝ ասում է:

«Չէ, չեմ ընդունում, եւ դատական կարգով վիճարկելու ենք: Մենք հիմնավորում ունենք, որ այս վարույթը չպետք է հարուցվեր, երկրորդը՝ այդ հիմնավորումները մեզ համար հիմնավոր չեն: Եթե դատարանն էլ որոշի, որ ես էթիկայի խախտում եմ արել, դրանից հետեւություններ կանեմ: Բայց ամենակարեւորը՝ բովանդակային առումով կարեւոր գործեր են արվում, եւ դրանք պետք է իրավական գնահատական ստանան: Իմ գլխին 11 տարի է՝ «սեւ ամպեր» են կուտակվում, ու դրանք ինձ չեն անհանգստացնում»:

Սանասարյանը չի կարծում, թե իր հանդեպ ինչ-որ կուլիսային պայքար կա: Նաեւ վստահեցնում է՝ այս ընթացքում այս թեմայի բերումով վարչապետն իր հետ չի խոսել, նկատողություն չի արել: 

Ամեն դեպքում, բավականին երկար խմորվող այս հարցի առնչությամբ վերջնական ասելիքն այժմ իրավապահ մարմիններինն է՝ եւ Սանասարյանի կողմից էթիկայի նորմերի խախտման, եւ այն մասով, թե իրո՞ք հարուցված քրեական գործով կապացուցվի ԵՊՀ-ում խախտումների առկայությունը:

Իսկ մինչ այդ կողմերը կրկին հեռակա կարգով որոշել են՝ այլեւս բանավեճի մեջ չեն մտնելու:

0:00
0:00