ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեր քաղաքացիները բարձր իրավագիտակցություն ունեն. Զեյնալյան
2019-03-21 19:09:38

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստից հետո այսօր մի քանի նախարար շտապել է Աժ՝ այնտեղ հաշվետվություն ներկայացնելու համար: Խորհրդարանում էին արդարադատության, ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներն ու պետեկամուտների կոմիտեի նախագահը:

Նրանք բոլորը պաշտոնները զբաղեցրել են 2018-ի կեսից՝ հեղափոխությունից հետո, բայց այսօր պատգամավորներին ներկայացնում էին կառավարության 2018-ի համար նախատեսված ամբողջ ծրագրերի կատարման հաշվետվությունը:

11 ամիս առաջ տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունն առայժմ բարելավել է Հայաստանի դիրքերը տարբեր զեկույցներում եւ ինդեքսներում: Այս աշխատանքները գործող կառավարությունը օգտագործում է՝ առաջընթացը գնահատելու համար, բայց իրական կյանքում անելիք շատ կա:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանում է՝ ներդրումային միջավայրը գործարարների համար դեռ գայթակղիչ չէ:

«Պետք է արձանագրենք, որ Հայաստանում դեռեւս չունենք այն ցանկալի մակարդակը, որ պետք է լինի երկարաժամկետ, կայուն զարգացում ապահովելու համար: Պետք է զգալի ջանք գործադրել ներդրումային միջավայրը փոխելու համար, որպեսզի եվրոպացի, ամենարիկացի, ռուսաստանյան բոլոր ներդրողները, որոնք Հայաստանում կարող են իրենց համար բացահայտել մրցակցային առավելություններ իրենց ներդրումային որոշումները կկայացնենք ի օգուտ Հայաստանի տնտեսության»:

Հեղափոխությունից հետո կառավարությունը ջանում է հասկանալ «ստվերային տնտեսության» իրական ծավալները: Նոր մեթոդ է մշակվում իրական ստվերը բացահայտելու համար՝ ասում է պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

2018-ին սոցիալական ապահովության ոլորտում հեղափոխական քայլեր չեն արձանագրվել: Կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշ ծրագրեր բացահայտվել են, զբաղվածության հարցում առայժմ էական տեղաշարժ չկա:

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018-ի համար առանձնացրեց ոչ թե հեղափոխությունը, այլ դրանից հետո անցկացված ազատ եւ թափանցիկ երկու ընտրությունները, որոնց բարձր գնահատականները տվեցին նաեւ միջազգային կառույցները: Արդարադատության նախարարի համար, ի դեպ, լիովին հասկանալի է Քաղաքացու օր սահմանելու առաջարկի հիմնավորումը: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Հայաստանում քաղաքացու պայքարը դրսեւորվել է միշտ:   

« Մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավգիտակցություն: Դա դրսեւորվել է 2001-ին, «Ա1+»-ի փակման հետ կապված, 2003-ին, 2004-ին, 2005-ին, Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, 2007-ին, 2008-ին, 2017-ին … մշտապես դրսեւորվել է: Մեր քաղաքացիները բարձր իրավագիտակցություն ունեն եւ շատ քաղաքակիրթ մարդիկ են: Աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում, որեւէ ավտոմեքենայի վրա որեւէ մեկը խազ չի քաշում, ապակի չեն կոտրում: Մեզ մոտ այդպիսին է իրավիճակը, մեզ մոտ այդպիսի քաղաքականություն կա եւ մարդիկ նաեւ ուրախանում են եւ մտածում են, որ Հայաստանը հրապուրիչ երկիր է այդ մասով»:  

Ի դեպ, 2018-ի համար ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքների վերականգնմն համար Մարդու իրավունքների դատարան էին դիմել շուրջ 2 միլիոն եվրոյին համարժեք հատուցում ստանալու հայտերով: Ընդհանուր այդ պահանջից Եվրոպական դատարանը բավարարել է շուրջ 10 տոկոսը: