ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-22 10:17:20
  • «Իրատես». «Հաշմանդամ մարդկանց համար հասարակական վայրեր մուտք գործելն առայժմ խնդիր է»
  • «Առավոտ». «Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է և հրաժարվել այդ հանդիպումից»
  • «Ժողովուրդ». «Կլինի` կտեսնենք»
  • «Հայկական ժամանակ». Ավարտվեց հայտերի ընդունումը. ո՞վ կփոխարինի Ջաղինյանին
  • «Իրավունք». «Ինչ-որ մեկը դիտավորություն է արել»

«Հաշմանդամ մարդկանց համար հասարակական վայրեր մուտք գործելն առայժմ խնդիր է»

Մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մինչ այսօր կառուցված թեքահարթակների քանակը կավելանա: «Իրատես-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանի 2019 թ. գործունեության ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում կկառուցվի 175 թեքահարթակ:

Նախկինում կառուցված թեքահարթակների արդյունավետությունն ու հարմարավետությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարծիքով, այնուհանդերձ, լիարժեք չէ: Այս թեմայի շուրջ «Իրատես-ը զրուցում է «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ, Երևանի քաղաքապետարանի հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Արմեն Ալավերդյանի հետ:

«Ես այն կարծիքին եմ, որ թեքահարթակների խնդիրը պետք է լուծել համապարփակ թե գետնանցումներում, թե փողոցներում, խոսքս քաղաքում ազատ ու հարմարավետ զբոսնելու մասին է: Ես խնդիրը լուծված կհամարեմ, եթե կտրականապես դրվի մշակութային կամ հանրային այլ կենտրոնների շենքերում թեքահարթակների մատչելիության, տեղադրման հարցը: Պատկերացրեք, պոլիկլինիկա հաճախելը շատերի համար խնդիր է, շատ տեղերում վերելակ չկա: Բնակելի շենքերում թեև կան թեքահարթակներ, սակայն դրանք շահագործման տեսակետից պիտանի չեն, պարզապես անիմաստ շինարարական աշխատանք է կատարված: Այստեղ նույնպես խնդիրը համապարփակ լուծման կարիք ունի: Եթե կառույցը բնակելի շենք է, որտեղ ապրում են նաև հաշմանդամ մարդիկ, ապա կառուցապատողի հետ մեկտեղ բնակիչներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես ավելի հարմար կլինի, իսկ եթե մշակութային կամ հասարակական կենտրոն է, խնդիրը պետք է քննարկվի քաղաքապետարանի, մշակույթի ներկայացուցչի ու քաղաքաշինության կոմիտեի հետ», -ասել է նա:

«Ես այն կարծիքին եմ, որ թեքահարթակների խնդիրը պետք է լուծել համապարփակ թե գետնանցումներում, թե փողոցներում, խոսքս քաղաքում ազատ ու հարմարավետ զբոսնելու մասին է: Ես խնդիրը լուծված կհամարեմ, եթե կտրականապես դրվի մշակութային կամ հանրային այլ կենտրոնների շենքերում թեքահարթակների մատչելիության, տեղադրման հարցը: Պատկերացրեք, պոլիկլինիկա հաճախելը շատերի համար խնդիր է, շատ տեղերում վերելակ չկա: Բնակելի շենքերում թեև կան թեքահարթակներ, սակայն դրանք շահագործման տեսակետից պիտանի չեն, պարզապես անիմաստ շինարարական աշխատանք է կատարված: Այստեղ նույնպես խնդիրը համապարփակ լուծման կարիք ունի: Եթե կառույցը բնակելի շենք է, որտեղ ապրում են նաև հաշմանդամ մարդիկ, ապա կառուցապատողի հետ մեկտեղ բնակիչներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես ավելի հարմար կլինի, իսկ եթե մշակութային կամ հասարակական կենտրոն է, խնդիրը պետք է քննարկվի քաղաքապետարանի, մշակույթի ներկայացուցչի ու քաղաքաշինության կոմիտեի հետ», -ասել է նա:

«Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է և հրաժարվել այդ հանդիպումից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նվիրված է լինելու մի շարք պարզաբանումները պաշտոնապես արձանագրելուն: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից. «Առավոտ»-ն այս հարցով դիմել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին:

«Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է և հրաժարվել այդ հանդիպումից ու հեռակա կարգով մերժել Մադրիդյան սկզբունքներից դուրս օրակարգով պաշտոնական հանդիպման տարբերակը: Բայց եթե այդ հանդիպումը վարչապետ Փաշինյանի նախատեսած տարբերակով կայանա էլ, ապա պետք է նախապես հասկանալի լինի, որ պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացի ընթացիկ ձևաչափի և կարգավորման իր նախընտրած տարբերակի մասով զիջումների գնացողը չէ: Սա նշանակում է, որ հայկական կողմերը պետք է հանդես գան այնպիսի նախաձեռնություններով, որոնց շնորհիվ առանց գործը պատերազմի հասցնելու կկարողանան կյանքի կոչել կարգավորման հետ կապված սեփական մոտեցումները»,-ասել է նա:

Կարգավորման գործընթացի համատեքստում Ալիևի մասով որևէ նոր խոսք ակնկալելը, թերթի զրուցակցի համոզմամբ, «միամտություն կլինի»:

«Կլինի` կտեսնենք»

«Ժողովուրդ» -ն անդրադառնալով կառավարության երեկվա նիստին, գրում է, որ երբ քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախագիծը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցուպատասխանից հետո ասել է. «Բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է»:

Նա հրահանգել է ընդդիմության նախագծերին այլեւս նման մոտեցում չցուցաբերել: Փաշինանի այս խոսքեր, ըստ թերթի, ուշագրավ են այն առումով, որ ԼՀԿ-ն վերջերս հաճախ է դժգոհում իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից` խոսելով անգամ իրենց հալածելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ԼՀ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին` փորձելով հասկանալ, թե արդյոք դրական տեղաշարժ կա. «Ի՞նչ է նշանակում դրական շարժ: Ինչի՞ համեմատ դրական շարժ: Ինչ-որ μանը ինչ-որ μանի հետ պիտի համեմատես: Եթե մի μանը մի անգամ է եղել, այդտեղ չես կարող ինչ-որ շարժ տեսնել: Կլինի` կտեսնենք»:

Ավարտվեց հայտերի ընդունումը. ո՞վ կփոխարինի Ջաղինյանին

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մարտի 21-ին, ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցութային հանձնաժողովը հայտերի ուսումնասիրման եւ խորհրդի նախագահի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչեւ ապրիլի 1-ը:

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի առանցքային թեկնածուն Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն է, որը ՀՌՀ նախագահ է ընտրվել այս տարվա հունվարի 29-ին:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 23 թեկնածու:

«Ինչ-որ մեկը դիտավորություն է արել»

«Իրավունք»-ը գրում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Ամենայն հայց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը:

«Ինչ-որ մեկը դիտավորություն է արել նման լուր շրջանառելով, ուրիշ ոչինչ ասել չեմ ցանկանում»,- «Իրավունք»-ի հետ զրույցում վերոհիշյալ լուրին այսպես է արձագանքել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: