ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր տեղի է ունեցել «Վերածնունդ» ավանի հիմնարկեքի արարողությունը
2019-03-22 17:05:37

լրացված 17.05

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

Արարողության ընթացքում ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրել են սերունդներին ուղղված ուղերձը, կատարվել է հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ:

Երիտասարդական ավանն ունենալու է շուրջ 1100 բնակարան, 800 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ (խանութներ, գրասենյակային տարածքներ, ցուցասրահներ և այլն), մանկապարտեզ, մարզաառողջարանային համալիր: Շենքերի հարակից տարածքները կանաչապատվելու են (տնկվելու են արագահաս ծառատեսակներ, ձևավորվելու են սիզամարգեր, ծաղկային կոմպոզիցիաներ), կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, ճեմուղիներ, զրուցարաններ:

Անցկացվելու է ամբողջովին նոր կոմունիկացիոն համակարգ, ժամանակակից արտաքին լուսավորություն: Առաջին անգամ Երևանում, կառուցվող թաղամասն ունենալու է կոյուղաջրերի մաքրման անհատական կայան, որտեղ համապատասխան ֆիլտրումից հետո կոյուղաջրերն օգտագործվելու են տարածքի ոռոգման նպատակով:

Ծրագրի թիրախային խմբում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետները, երիտասարդ մանկավարժները, լրագրողները, բժիշկները, դասախոսները, գիտնականներն ու ստեղծագործողները, պետական և համայնքային ծառայողները, մարզիկները:

Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն 2021 թ. հոկտեմբերին, իսկ թաղամասի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի 2022 թ. մայիսին:

Ծրագրի շրջանակում առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի շուրջ 1400 աշխատատեղ: