ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը
2019-03-22 12:05:28

ՀՀ կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը՝ 10 000 դրամ անվանական արժեքով և 1000 հատ տպաքանակով:

Հուշամեդալի դիմերեսին հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողն է («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերեսին Գ. Գյուլբենկյանի դիմանկարն է և նրա ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ են՝ Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերեսը): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է և բարեգործ: Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր և նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները և զբաղվել նավթի արտահանմամբ: 1930 թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ:

Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին և ուսանողներին:

Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների և արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում: