ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սա չափազանց կարևոր որոշում է. Նիկոլ Փաշինյան
2019-03-22 17:18:44

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1000 դրամների հիմնադրամն ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008-ի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար»:

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ այս տարվա ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը: Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008 թվականից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը։