ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջրի արդյունավետ կառավարումը՝ գերխնդիր
2019-03-22 17:30:43

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տարեկան 4-5 մլրդ խորանարդ մետր ջուր Հայաստանից դուրս է հոսում` այսօր  հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն, ըստ նախարարի,  երկրի լրջագույն խնդիրներից  մեկն է:  Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է:

Դեռ պարզ չէ՝ այս տարի ոռոգման ջուր ունենալու համար կապավինենք Սևանին,  թե՞ ոչ: Հստակ է, որ ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է:

Հայաստանը ջրային  պաշարներ ունի, սակայն դրանք անսպառ չեն: Վատ կառավարման արդյունքում հասել ենք  մի  կետի, երբ շատ համայնքներում պարզապես  ջուր չկա: Մասնագետներն ահազանգում են՝  եթե այսպես շարունակվի,  աղետի առաջ ենք կանգնելու:

Դեռ ժամանակ կա, ընդամենը պետք է ճիշտ կառավարել: Զրուցակիցս  Ազգային ջրային համագործակցություն հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Արևիկ Հովսեփյանն է:

«Շատ հաճախ ասում են ջրի խնդիրը ոչ թե պակասից է, այլ՝ վատ կառավարումից:  Լավ կառավարման դեպքում էլ դու կարող ես կարիքները բավարարել:  Ցավոք սրտի մեզ մոտ կառավարման խնդիրը դեռ մնում է բաց: Հայաստանում  կառավարման ապակենտրոնացումը չի ստացվում»:  

Ջրային կոմիտեում, սակայն, չեն հասկանում ՝ ինչ ասել է վատ կառավարում: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝  հիմնական նպատակը մեկն է՝ անել այնպես, որպեսզի Հայաստանի ջրային ռեսուսրները մնան երկրում   հատկապես, որ Թուրքիան ջրամբարաշինարական մեծ ծրագիր է սկսել: Հայաստանում հաշվարկներ կան: 

«Որևէ նախանշան չկա, որ Սևւանից լրացուցիչ  ջուր բաց կթողնվի»,- ասում է գլխավոր բնապահպանը:

«Օրենքով թույլատրվում է  ջրառի նպատակով Սևանա լճից  բաց թողնել  մինչև   170 մլն խորանարդ մետր ջուր»,- ասում է  բնապահպանության նախարարը:

Բնապահպանները միաձայն պնդում են՝ Սևանա լճից  լրացուցիչ ջրառը մահացու է լինելու լճի համար:  Այդուհանդերձ, դեռ հստակ չէ՝ այս տարի ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու  համար Սևանա լճից լրացուցիչ ջրառ կկատարվի, թե՞ ոչ: 

0:00
0:00