ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԱԾ տնօրենը` աղմկահարույց հարցերի մասին
2019-03-22 18:43:39

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ այսօր աննախադեպ փաստ  է գրանցվել.  առաջին անգամ Ազգային ժողով է եկել ԱԱԾ տնօրենը եւ դռնբաց նիստում պատասխանել  պատգամավորների հարցերին:

Արթուր Վանեցյանն, իհարկե,  որոշ փակագծեր չի բացել՝ հենց սկզբից նշելով, որ կան հարցեր, որոնք հանրային բաց քննարկման ենթակա չեն:

Ամեն դեպքում եւ պատգամավորները, եւ լրագրողները հնարավորություն են ունեցել որոշ պարզաբանումներ ստանալ մի շարք աղմկահարույց գործերի վերաբերյալ, թեև ԱԱԾ տնօրենը այսօր խորհրդարանում էր եկել կառավարության 2018-ի  ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար:

Իրավապահ մարմինները պատշաճ ուշադրություն դարձրել են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակին՝ հաստատում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նամակն այժմ ուսումնասիրվում է տարբեր մարմիններում.

«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է ԱԱԾ, նաեւ ՀՔԾ: Իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռեւս չեմ կարող բարձրաձայնել»

Այս գործում իրավապահներին իր աջակցությունն է առաջարկում նաեւ ԱԺ-ի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկինում՝ 90-ականներին, պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

Այսօր արդեն հաստատեց աղմկահարույց նամակում առկա որոշ կետերը. 

« Ականատեսե եմ եղել՝ լինելով Վազգեն Սարգսյանի անմիջական կողքը՝ 90-ականներից սկսած մինչեւ հոկտեմբերի 27-ը: Ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր խնդիր կար Մեղրիի հետ կապված: Այդ մասին հավաստիացրել է նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, հրապարակումներ են եղել Կարեն Դեմիրճյանի անդամների կողմից: Ոչ միայն ես, այլ նաեւ մարդիկ, ովքեր լուրջ տեղեկատվության կրող են, դրանք շատ շատ են, որովհետեւ այն, ինչ վերաբերում է մեր սահմաններին, որեւէ մեկի մտքով սակարկումը պետք է չանցներ»

Այս հարցով հանձնաժողովի անդամները,  հատկապես դռնբաց նիստում ԱԱԾ տնօրենից որեւէ պատասխան չէին ակնկալում: Փոխարենը լրագրողները սեւեռվեցին աղմկահարույց 23 կետանոց նամակի կոնկրետ մեկ կետի վրա: Վահան Շիրխանյանի պնդմամբ՝ հոկտեմբերի 27-ի աճրագործությունն իրականացրած խմբի պարագլուխը՝ Նաիրի Հունանյանը, հանդիսացել է ԱԱԾ գործակալ: Այս հարցի առնչությամբ ԱԱԾ տնօրենի պատասխանը ոչ թե հստակեցնող էր, այլ՝ դիվանագիտական.

«Պնդումը ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ: Կանցնի համապատասխան ընթացակարգ եւ հավաստիացնում եմ, որ կհրապարակվի իրականում այն, ինչ որ եղել է»:

Վերջին շրջանում Հայաստանի համար այլ խնդիր է երկրից բացակյող  նախկին պաշտոնյաների հարցը: Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ-ից պահանջոմ է աշխատել հատկապես պաշտպանության նախկին նախարարի հայտնաբերման ուղղությամբ:

Այսօրվա նիստից առաջ Արթուր Վանեցյանը նախ հստակեցրեց. ԱԱԾ աշխատանքի զգալի մասը՝ շուրջ 95 տոկոսը,  պարունակում է գաղտնի էլեմենտներ, որոնց մասին ընդունված չէ խոսել:

Որոշակիորեն ամփոփված է աշխատանքի՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հատվածը: Ներկայացված հաշվետվության համաձայն՝ 2018-ի մայիսից կոռուպցիայի հատկանիշներով հարուցվել էր 40 քրեական գործ՝ պետությանը հասցված 32 միլիարդ 100 միլիոն դրամի վնասով:

Այս գումարի զգալի մասը՝ 22 միլիարդ 100 միլիոնն արդեն  վերադարձվել է բյուջե: Մնացածի մասով աշխատանքներ են տարվում, նաեւ լրացուցիչ նոր ստուգումներ են իրականացվում եւս 235 միլիարդ դրամի շրջանառությունը ստուգելու համար: Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարիների հետ, ապա 2013-2017 թթ-ին ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել էր ընդամենը 1 միլիարդից քիչ ավելի գումար: Հաշվետվության մեջ  հաշվարկված չեն  կամովին վերադարձված գումարները: Վանեցյանի ներկայացմամբ՝ ճիշտ ձեւակերպում չէ, թե որոշ մարդիկ գումար են «նվիրում» պետությանը:  

Արթուր Վանեցյանն այսօր որոշակիորեն դժգոհեց ԱԱԾ աշխատանքների տեմպից, բայց դա, ըստ նրա, ունի իր բացատրությունը: Պաշտոնյայի խոսքով՝ աշխատում են, որ իրավական հիմքերը լինեն շատ ամուր, որպեսզի հետագայում շահարկումների, բողոքարկումների հնարավորություն չլինի եւ մեղադրանքներ չհնչեն, թե ԱԱԾ-ն գործել է «քմահաճույքով»: Արթուր Վանեցյանն այսօր խոստացավ՝ առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ։

0:00
0:00