ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆեյքերի դեմ պայքարի նոր մեխանիզմ. օրենքը կփոխվի
2019-03-22 19:01:25

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունը փոփոխելու կարիք տեսնելով՝ առաջիկայում մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց առաջարկները կբերեն վերջնական տեսքի ու կներկայացնեն կառավարությանը:

Առաջարկներն առավելապես տեխնիկական են, չեն առնչվում ինտերնետային դաշտին, չեն ենթադրում նաեւ հեռարձակվող բովանդակության կարգավորում:

Փոփոխությունները վերաբերում են  միայն հեռուստատեսային դաշտի կարգավորմանը՝ թվայնացումից մինչեւ հանրային հեռուստատեսության դերի ու որակի բարձրացում:

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր օրենքն, ու արդյո՞ք հնարավոր է տեղային լուծում տալ ֆեյք՝  կեղծ լրահոսի գլոբալ հիմնախնդրին:

Երբ սոցցանցերից իրական կամ կեղծ գրառումները սահուն անցնում են մամուլ, ուղղվում կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի դեմ, չափազանց դժվար է դառնում վերահսկել այս իրավիճակը: Օրենքով կարգավորումների փորձն էլ  հաճախ դիտարկվում է ազատ խոսքի սահմանափակում: Խնդիրը գլոբալ է, բայց Վրաստանը փորձել է սեփական կարգավորումները տալ ու հաջողել է՝ «Ռադիոլուրին» ասում է Վրաստանի տեղեկատվության ազատության զարգացման կենտրոնի ղեկավար Գիորգի Կլդիաշվիլին:

«Քաղաքացիական հասարակությունը եւ կոնկրետ մի շարք կազմակերպություններ զբաղվում են համացանցի մոնիթորինգով, հաշվետվություններով,  որոնք նույնիսկ ցույց են տվել, որ իշխող քաղաքական ուժը կամ դրա հետ փոխկապակցված մի շարք կազմակերպություններ զբաղվում են ֆեյք-նյուզերով ու ֆեյք-գործունեությամբ»:

Վրացի զրուցակիցս կարծում է՝ ինտերնետային բովանդակության տարածմանը օրենսդրական լուծում տալն իրապես դժվար է: Պատժամիջոցներն էլ առանձնապես ընդունելի տարբերակ չեն: Առավել իրատեսական են միջանկյալ կարգավորումները: Գիորգի Կլդիաշվիլին որպես այդպիսին մատնանշում է հասարակությանն անկաշառ լրատվության աղբյուրով ապահովելը. եթե քաղաքացին վստահ է, որ տվյալ լրատվամիջոցն իսկապես անկախ է, կհմինվի դրա տեղեկատվության վրա, ու համացանցային կեղծ լուրերն արդեն նրա ընկալումների վրա այդչափ մեծ ազդեցություն չեն ունենա:

Վրաստանում զրպարտությունն ապաքրեականացված է, չնայած քաղաքական տարբեր ուժեր ցանկանում են դրա քրեականացումը վերադարձնել: Սակայն ես կարծում եմ, որ ներկայիս մեծ ու դրական ձեռքբերումը, որ ունենք ազատ խոսքի ոլորտում, չի կարելի փչացնել:


Ֆեյքերի իրական այլընտրանքը մարդկանց ճիշտ իրազեկվելու հնարավորություն տալն է, որպեսզի քաղաքացին ինքը դատի՝ ո՞ր լրատվամիջոցն է գերադասելի իր համար: Այս առումով անչափ կարեւոր է տվյալ լրատվամիջոցի իրական սեփականատիրոջ ու դրա ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը՝ ասում է Վրաստանի տեղեկատվության ազատության զարգացման կենտրոնի ղեկավար Գիորգի Կլդիաշվիլին: Վրաստանում 2011-ից արդեն պարտադիր է, որ բոլոր հեռուստաընկերությունների եւ մեդիառեսուրսների սեփականատերերը հայտնի լինեն, ու բնակչությունն իմանա՝ ո՞վ է կանգնած այս կամ այն ԶԼՄ-ի հետեւում:

Դա մեզ հաջողվել է բոլոր լիցենզավորված հեռուստաընկերությունների ու ինտերնետ մեդիայի մասով: Սա էապես մեծացնում է մարդկանց վստահությունն այս կամ այն լրատվամիջոցի հանդեպ: Կարեւոր է նկատել, որ հիմա Վրաստանում բնակչության ավելի քան 70 տոկոսն իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը վերցնում է հեռուստատեսությունից: Այո, ավելի շատ հեռուստատեսությունից, քան համացանցից: Ինտերնետային աղբյուրներից իրազեկվում է բնակչության միայն մոտ 19 տոկոսը: Իսկ մամուլից՝ ընդամենը մոտ 1 տոկոսը: 

Հատկապես Սաակաշվիլիի օրոք գրեթե բոլոր մեդիա-կազմակերպությունները եւ հեռուստաընկերությունները պետության եւ իշխող քաղաքական ուժի ազդեցության տակ էին, ինչին նման իրավիճակ կա այսօր նաեւ Հայաստանում: Հստակ էր, օրինակ, «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերությանը  ենթարկեցնելու միտումը: Սակայն ժողովրդավարական գործընթացները հասան լրատվական դաշտ՝ շեշտում է Գիորգի Կլդիաշվիլին:

Ի՞նչ կարգավորումներ է տվել Վրաստանը կեղծ լուրերի դեմ պայքարում ու ինչպե՞ս է լուծել հետհեղափոխական շրջանում կեղծ լրահոսի ակտիվացման խնդիրը, որն այսօր  ունի նաեւ Հայաստանը: Այս հարցերը հետաքրքրում են նաեւ հայ մասնագետներին: Խոսքի ազատության դաշտում գործող կազմակերպությունները դեռ նոր են փորձում ներդնել լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման, տեղեկացման մեխանիզմը: Հեշտ չի լինելու՝ խոստովանում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Վրաստանը մեկ այլ հարցում էլ չի ուշացրել իր կարգավորումը. հարեւան երկրում, ըստ օրենքի, պաշտոնական դեմքը չի կարող լինել հեռուստաընկերության սեփականատեր: Միայն գրանցված ոչ առեւտրային կազմակերպությունը կամ կոնկրետ անձ կարող է ստանալ դրա լիցենզիան: Լիցենզավորման նոր մոտեցումներ առաջարկվում են նաեւ Հայաստանի համար պատրաստվող օրենսդրական փոփոխության մեջ, իսկ մինչ դրանք երկար քննարկումներ կանցնեն, մեր երկրում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները շարունակում են պատկանել այս կամ այն քաղաքական ուժին կամ դեմքին:

0:00
0:00