ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թրամփի թվիթը նախադե՞պ արցախյան հակամարտության համար
2019-03-22 19:13:02

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ նախագահի երեկվա թվիթերյան գրառումը հերթական անգամ ալեկոծել է միջազգային հանրությունը. Դոնալդ Թրամփը կարծում է, որ 52 տարի անց պետք է ճանաչել Իսրայելի վերահսկողությունը եւ ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ: Որո՞նք կարող են լինել Սպիտակ տան ղեկավարի հերթական աղմկահարույց թվիթի աշխարհաքաղաքական հետրանքները և ինչո՞ւ են հայկական քաղաքական շրջանակներում Թրամփի երեկվա գրառումը ընկալում որպես նախադեպ արցախյան հակամարտության համար:

Գոլանի բարձունքներ սիրիական տարածք օկուպացված Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում։ Մինչև 1967 թվականը Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ-Կունեյտրայի մարզի մասն էր։ 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում տարածքի մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981 թվականին Իսրայելի խորհրդարանը ընդունել է որոշում՝ բարձունքների հանդեպ իսրայելական ինքնիշխանություն հայտարարելու մասին, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Ե'վ Իսրայելը, և' Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

Միացյալ նահանգների նախագահը նախօրեին իր թվիթում պարզաբանել է, որ Գոլանի բարձունքները առանցքային նշանակություն ունեն հրեական պետության և ողջ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ընդ որում՝ ամերիկյան պաշտոնական դիրքորոշում չկա հարցի վերաբերյալ. ոչ Սպիտակ տունը, ոչ էլ Պետական դեպարտամենտը Թրամփի թվիթը չեն մեկնաբանաել: Սակայն հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ պաշտոնական Վաշինգտոնը Գոլանի բարձունքների վերաբերյալ դադարեցրել է օգտագործել «Իսրայելի կողմից օկուպացված տարածքներ» ձևակերպումը: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, թեև հրաժարվել է մեկնաբանել Թրամփի թվիթը, սակայն փաստը պատահականություն չի համարել:

Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարարության խոսնակի, անպատասխանատու է որակել ԱՄՆ նախագահի թվիթը, նշելով, որ այն բացասաբար կանդրադառնա մերձավորարևելյան կարգավորման վրա:

Իսրայելում Թրամփի թվիթը, այնուամենայնիվ, բեկում են համարում. վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփն աշխահին ուղերձ հղեց՝ Ամերիկան Իսրայելի կողմից է:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ պաշտոնավարման ընդամենը 2 տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն երրորդ հույժ կարևոր քայլն է կատարում Մերձավոր Արևելքում իր առանցքային դաշնակցի՝ Իսրայելի համար։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելուց, Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայի՝ միջազգայնորեն օկուպացված ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին։

Արաբագետը Թրամփի հայտարարությունը խնդրահարույց է համարում միջազգային իրավունքի տեսանկյունից. աշխարհի թիվ մեկ գերտերության կողմից միջազգային իրավունքի գործող համակարգի ոտնահարվում է:

«Որևէ լուրջ աշխարհաքաղաքական հետևանք ունենալ չի կարող՝ պայմանավորված Սիրիայի շուրջ ձևավրոված իրավիճակով, բայց այն, որ ԱՄՆ գործող վարչակազմը անտեսում է միջազգային իրավունքի կարևոր նորմերը, սա է խնդրահարույց: Ոչ միայն Ռուսաստանը, համոզված եմ նաև Եվրամիության անդամ առանձին երկներ, արաբական պետություններ քննադատելու են Թրամփի որոշումը, որը անգամ իրավական առումով որևէ լուրջ ազդեցություն չի ունենալու»:

Սիրիայի հետ հաշտության ցանկացած պայմանագիր նախատեսում է այս տարածքների վերադարձ Սիրիայի Արաբական հանրապետությանը, իսկ ԱՄՆ նման քայլը, որպես առարկայական հետևանք, կարող է Վաշինգտոնին դուրս թողնել Սիրիա-Իսրայել հաշտության որևէ գործընթացից:

Արաբագետը փաստում է՝ շատ հաճախ Թրամփի մոտեցումները, հատկապես արտաքին քաղաքականության հարցերում, միանշանակորեն չեն ողջունվում համապատասխան պետական իրավասու կառույցների կողմից: Ընդամենը ամիսներ առաջ կրկին խնդրահարույց դարձավ ամերիկյան զորակազմը Սիրիայից դուրս բերելու որոշումը: Այսինքն, Թրամփի վարչակազմը հաճախ կայացնում է որոշումներ, որոնք ուղղակիորեն չեն բխում ԱՄՆ արտաքին քաղաքական, անվտանգային շահերից՝ լուրջ խնդրներ ստեղծելով այդ արտաքին քաղաքական գիծը իրականացնող պետական կառույցների համար:

Հայկական քաղաքական շրջանակներում Թրամփի երեկվա գրառումը որոշակիորեն ընկալվում է որպես նախադեպ այլ, մասնավորապես, արցախյան հակամարտության համար: Հայաստանի ու Կովկասի կայունության ու անվտանգության տեսանկյունից նույնն են նաև Արցախի տարածքները, որոնք արդեն 20 տարի եւ ավելի գտնվում են հայկական վերահսկողության ներքո:


Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը նշում է. Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության իրավունքի ճանաչումը չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան հակամարտության համար, քանի որ դրանք ունեն տարբեր իրավաքաղաքական հիմքեր, տարածաշրջանային անվտանգային այլ տրամաբանություն ու առանձնահատկություններ։

«Ժամանակին խոսվում էր այլ հակամարտությունների, սկզբում՝ Կոսովոյի, հետո՝ Աբխազիայի նախադեպերի պրոյեկտման հնարավորության մասին, սակայն ակնհայտ էր, որ դրանք որևէ կիրառություն չէին կարող ստանալ։ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումն ինքնին, որպես երևույթ, իր բացառիկությամբ նախադեպային է, սակայն չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների համար։ Պատճառները տարբեր են՝ սկսած աշխարհաքաղաքական ու անվտանգային հարցերից, վերջացրած ազգային, հակամարտության առանձնահատկություններով»։

Միջազգային իրավունքի նորմերը վաղուղ արդեն քաղաքական կատեգորիա է՝ նշում է փորձագետը, դրանք յուրովի են մեկնաբանվում և խախտվում բոլոր ուժային կենտրոնների կողմից: Աբխազիայի խնդիրը նույնպես Մոսկվան նախադեպ չհամարեց արցախյան հակամարտության համար:

Վերանյանի խոսքով, սակայն, հայկական կողմը կարող է քաղաքական դիվիդենտներ ստանալ։ Նախ այն առումով, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերջին զեկույցում Իսրայելի կողմից «գրավյալ» բարձունքները ձևակերպումը փոխարինվել է «վերահսկվող» բարձունքները տարբերակով։

«Այստեղ էականն այն է, որ մեսիջը հնչում է մարդու իրավունքների զեկույցում։ Իհարկե ունենք քաղաքական-դիվանագիտական հնարավորություններ բարձրաձայնելու, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջը բխում է նախևառաջ մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների սկզբունքից», - ասում է փորձագետը:

0:00
0:00