ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սուբվենցիոն ծրագրի 44 հայտ Արմավիրից
2019-03-21 16:00:18

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ       
                

Արմավիրի մարզի  համայնքների սոցիալ-տնտեսական  զարգացման նպատակով տարածքային կառավարման և զարգացման  նախարարություն է ներկայացվել 44 ծրագրային հայտ, որոնք ուղղված ճանապարհների ասֆալտապատմանը, մշակույթի, համայնքային տների, բազմաբնակարան շենքեր տանիքների վերանորոգմանը, խմելու ջրի  և ոռոգման համակարգերի նորոգմանը: Սուբվենցիոն ծրագրերի  գրեթե կեսը ֆինանսավորվելու է պետական բյուջեից:

Նախորդ տարում Արմավիրի մարզից  տարածքային կառավարման և զարգացման նախարարություն էր ներկայացվել 19 ծրագրային հայտ 16 համայնքների ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Արդյունքում կառավարությունը ֆինանսավորել էր 7 ծրագիր՝  պետական բյուջեից ֆինանսավորելով 40 մլն 500 հազար դրամ, 60 մլն 800 հազար դրամն էլ համաֆինանսավորել էին համայնքները տեղական բյուջեներիցից:  Արմավիրի մարզպետարանի  զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծխության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը նշեց, որ այս տարի  մարզից անհամեմատ ավելի  շատ,  սուբվենցիոն ծրագրի 44 հայտ է ներկայացվել 40 համայնքից: 


Փարաքար համայնքում պետք է կառուցվի 1400 գծմ երկարությամբ կոյուղագիծ, որի արժեքը  65 մլն, 700 հազ. դրամ է՝ 55 տոկոս պետբյուջեի համաֆինանսավորմամբ: 14 համայնքում նախատեսվում է  ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Վաղարշապատի տարածքի Ջրառատ համայնքում ոռոգման ներքին համակարգը գրեթե ամբողջությամբ քայքայված է, ճանապարհները քարուքանդ, սակայն համայնքի ղեկավարը սուբվենցիոն ծրագրով նախատեսել է ճանապարհների ասֆալտապատում:

Խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման խնդիրներ կան մարզի գրեթե բոլոր համայնքներում: Սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել 7 համայնք, այդ թվում Բագարան սահմանամերձ համայնքը, որտեղ խմելու ջուր չկա և բնակիչները տարիներ շարունակ օգտվում են համայնքից 1 կմ հեռավորությամբ գտնվող  մեկ աղբյուրից: Բագարանի բնակիչ Գոհար Ավետիսյանը նշեց, որ ջուրը տեղ են հասցնում ղանթարներով, սայլերով, մեքենաներով: Բագարանում ջուր ունեցել են մինչև 1997 թվականը, որից հետո խողովակները հանել-տարել են և իրենք մինչև հիմա ջուր չունեն: Ձմռանը ջուր կրելը կրկնակի բարդություններ են առաջացնում:


Խմելու նոր ջրագիծ է նախատեսվել կառուցել նաև Վարդանաշեն համայնքում:  Ծայրամասային թաղամասերից մեկը, որ 1990-ական թվականներին է կառուցվել, խմելու ջուր գրեթե չունեն, քանի որ ջրագծերը քայքայված են և ժամանակացույցով ջրամատակարարման դեպքում ողողվում են փողոցները և  տեղ է հասնում աղտոտված:

Վարդանաշեն համայքնի ղեկավարի պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր առաջին խնդիրն է եղել թաղամասի խմելու ջրագծերի բարելավումը և ծրագրին հայտ է ներկայացրել:


«Ծրագրի արժեքը 10 մլն դրամ է, կփորձենք 3 կմ-ից մի քիչ ավելի երկար  կառուցել, կախված է նախագծից»:

Սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ամբողջական փաստաթղթերի կազմում, որոնք տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կներկայացվեն մինչև մայիսի 15-ը:

0:00
0:00