ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շաբաթօրյակ նաեւ Արմավիրում
2019-03-23 16:30:56

 Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում համընդհանուր շաբաթօրյակին միացել են նաև Արմավիրի մարզպետն ու Տարածքային կառավարման նախարարը: Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակիցների հետ մաքրել է  Էջմիածին քաղաքը Ծաղկունք գյուղին կապող  կամրջի հատվածը և նշել, որ մարդիկ պետք է փոխեն իրենց մտածելակերպը, արհամարհանքով չվերաբերվեն շրջապատին: Խնդիրները լուծելու նպատակով  փորձում են ունենալ համակարգված աղբահանություն և մշակել հայեցակարգ:

Մաքրությունը սկսվում է քո տնից, բակից ու շրջակա տարածքից, սակայն ոչ բոլորն էլ մաքուր պահում իրենց շրջապատը: Սա մշակույթ է, որը պետք է ձևավորվի մարդու մեջ: Արմավիրի մարզի համայնքներով երթևեկելիս ճամփեզրերին, ջրատարների մեջ և գետերի ափերին նկատելի են կուտակված աղբեր: Քամու ժամանակ աղբով են ծածկվում նաև մշակովի հողատարածքներն ու այգիները:

Հովտամեջ գյուղի դպրոցականները մաքրում էին միջհամայնքնային մայրուղու ճամփեզրերը, նրանց էր միացել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Շաբաթօրյակին գործի էին դրվել համայնքների  և ջուրօգտագործողների ընկերությունների  տեխնիկական միջոցները: Մարզպետը դժվարացավ առանձնացնել մաքուր համայնքները և հորդորեց բնակչությանն ավելի մաքուր պահել շրջակայքը:

«Կան հստակ տարածքներ, հատկապես գետերի հատվածները, որտեղ ավելի կեղտոտված է: Իհարկե, մեկ շաբաթօրյակով հնարավոր չէ ամբողջ աղբը մաքրել, խնդրել եմ, հորդորել եմ համայնքների ղեկավարներին, որպեսզի բացատրական աշխատանքներ տանեն համայնքների բնակիչների հետ և մաքուր պահեն համանքները»:

Դպրոցկանները հաճախ են շաբաթօրյակներ կազմակերպում, մաքրում են դպրոցի բակը, հուշարձանների տարածքները,  ճամփեզրերը, որտեղ հիմնականում պլաստիկատե տարաներ են թափված:

«Աշխատում ենք չկեղտոտենք, չթափենք, հավաքենք աղբը, քանի որ կեղտոտությունը մեզ է վնաս: Պետք է մաքուր պահենք մեր Հայաստանը, մեր միջավայրը»:

Աղբով էր լցված Ծիածան գյուղի տարածքով անցնող Քասախ գետն ու ափերը: Համայնքի ղեկավար Վաչիկ Գրիգորյանը նշեց, որ գետի տարածքում աղբն իրենց համայնքի բնակիչները չեն փափում, այլ միջհամայնքային ճանապարհով երթևեկող այլ համայնքների բնակիչները:


«Աղբը մաքրելու համար զգալի միջոցներ ենք ծախսում, հիմա  կմաքրենք, ավազով կփակենք, հետո լուսավորություն ենք անցկացնելու և տեսախցիկներ կտեղադրենք, քանի որ աղբը թափում են գիշերով: Նշամնակելու ենք տուգանքի չափ՝ մինչև 50 000 դրամ»:

Էջմիածին քաղաքը Ծաղկունք գյուղին կապող կամրջի մոտ  Երևան-Արմավիր մայրուղու վրա հանդիպեցի նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Նախարարության աշխատակիցների հետ նա շաբաթօրյակն իրականացնում էր հենց այդ վայրում:

«Քրոնիկ կեղտոտ հատված է, տարիներ շարունակ իմ աչքին է զարնե, այդ պատճառով էլ ճիշտ համարեցինք այստեղ գալ ու մաքրել: Աղբը թափելու պատճառները շատ են, պատճառները մտածելակերպի, մեր բակից, մեր տնից  դուրս արհամարհանքի մեջ է: Դրանք խնդիրներ են, որից պետք է ձերբազատվենք: Մենք փորձում ենք ունենալ համակարգված աղբահանություն, մշակում ենք հայեցակարգը, թե ինչպես պետք է  Հայաստանում դա իրականացվի»:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոշորացված համայնքներում ավելի հեշտ է լուծվել համայքների աղբահանության հարցը, եթե Արմավիրի համայնքներն էլ միավորվեն, ապա այս հարցը ևս կլուծվի: 

0:00
0:00