ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գլեդիս Բերեջիկլյանը` Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետը
2019-03-24 12:00:47

Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով նահանգի վարչապետի պաշտոնում ընտրված առաջին կին գործիչը, հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Լեյբորիստական կուսակցությանը:

Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո Գլեդիս Բերեջիկլյանը փորձել է զսպել արցունքները՝ հայտարարելով, որ Նոր Հարավային Ուելսն այն նահանգն է, որտեղ «երկար ազգանուն ունեցող կին գործիչը կարող է ընտրվել վարչապետի պաշտոնում»:
«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ և ինչ պայմաններում ես ապրում, այս նահանգում յուրաքանչյուրը լավագույնը լինելու հնարավորություն ունի»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո կողմնակիցների առջև իր ելույթում:

Ընդդիմության առաջնորդ, Աշխատավորական կուսակցության ղեկավար Մայքլ Դելին թեպետ նշել է, որ ընտրությունների հայտարարված արդյունքները դեռևս վերջնական չեն, արդյուհաներձ զանգահարել և շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ևս արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»:

Դեռևս հստակ չէ՝ արդյոք Բերեջիկլյանի կուսակցությունը մեծամասնական կառավարություն կկազմի, թե ոչ: Գլեդիս Բերեջիկլյանը 2017 թվականից զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայարդի հրաժարականից հետո կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին: