ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է
2019-03-25 16:10:20

Լուսանկարը՝ արխիվից

Այսօր՝ մարտի 25-ին, լրանում է պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկի` Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցը: 

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ, 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Հայ հասարակական-քաղաքական գործիչը ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Երևանում: 1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-1974 թթ. աշխատել է գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ:

Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։

1995 և 1999 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը: 2000 թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:

Նա, որպես ՀՀ վարչապետ, շարունակել է պաշտոնավարել նաև 2003 թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:

Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականին սրտի կաթվածից: