ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մնջախաղի թատրոնի ճակատագիրը՝ դեռեւս անորոշ
2019-03-25 17:05:26

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մնջախաղի թատրոնը կփակվի նույն օրը, երբ զրկվի պետական աջակցությունից՝ այսօր ասել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:

45-րդ տարեդարձը Երևանի մնջախաղի թատրոնն այս տարի նշանավորելու էր չափազանց երկար սպասված իրադարձությամբ՝ բացվելու էր թատրոնի նոր շենքը։ 2019-ին Մնջախաղի թատրոնն ի վերջո սեփական տանիք էր ունենալու, բայց գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի բնորոշմամբ՝ երկրում տեղի ունեցած ֆորսմաժորը փոխեց պլանները.

«Որոշում կայացվեց, որ մեզ տրամադրված շենքը չպետք է վերակառուցվի և մեզ տրամադրվելու է նոր տարածք Մոսկովյան 5 հասցեում»:

Քննարկումների արդյունքի վերաբերյալ մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ մշակույթի նախարարությունից: Նախարարության մամուլի խոսնակ Սահականույշ Պողոսյանն ասաց, որ Մշակույթի նախարարությունը սպասում է Պաշտպանության նախարարության պաստասխանին:

Անկախ  սեփական տանիքի հարցի ձգձգումից՝ Մնջախաղի թատրոնն ակտիվ է ինչպես միշտ. հյուրախաղեր, նոր նախագծեր, փառատոններ:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի նախատեսում են  անցկացնել օգոստոսի 10-15-ը:  Հիշյալ փառատոնի ու մեկ ներկայացման համար դրամաշնորհ ստանալու հայտը մշակույթի նախարարությունում բավարարվել է, բայց ոչ առանց անակնկալների. «Տրամադրվել է 16 միլիոն դրամ դրամաշնորհ, սակայն քսան տոկոսը ԱԱՀ պետք է վճարենք»:

Հարկված գումարը նոր ներկայացմանը կբավարարի, բայց փառատոնին՝ ոչ: Հովանավոր գտնելու  խնդիր է առաջանում: Դադասյանը ցանկացողներին կոչ արեց համագործակցել: Նա անդրադարձավ թատերական գործիչներին այսօր խիստ մտահոգող գնումների ընթացակարգին, մասնավորապես՝ տենդեր կոչված երևույթին. «Մշակույթի նախարարությանը թվում է, թե մենք շահագրգռված ենք վատ բեմադրություն անել, ինչը նվաստացուցիչ է»:

Մնջախաղի թատրոնի նոր ներկայացումը, որի հայտը բավարարվել է, կկոչվի «Պիերոյի երազը»: Գաղափարը ծնվել է «Էլեկտրիկ Երևանի» օրերին: Գլխավոր հերոսն ակտիվիստ է: Կերպարները տարբեր են՝  լրագրող, ոստիկան ու անգամ ինքնասիրահարված մի աղջնակ: Ժամանակակից լիրիկական կատակերգություն ու ամեն ինչ մնջախաղի միջոցով:  Կփորձեն իրենց խոսքը լսելի դարձնել մնջախաղին հատուկ լռությամբ: Դադասյանն  ասում է, որ այսօր ընդհանրապես ամենապահանջված բանը լսելն է, թվում է՝ բոլորը խոսում են ու լսող չկա:

Վատ չէր լինի, եթե թատրոնին վերաբերող հարցերում լսեին թատրոնի մարդկանց: Ժիրայր Դադասյանի համոզմամբ, մշակութային քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ նոր թատրոններ ծնվեն: