ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրկին աղմուկ Գարդասիլի շուրջ. ի՞նչ շահերի թիրախում է խնդիրը
2019-03-25 18:37:52

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ու վերահսկման նպատակով «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացվող պատվաստումների թեման նոր աղմուկի պատճառ է դարձել։ Պատվաստման արդյունավետությանը վերապահումով մոտեցող մի շարք անձանց մտահոգել է առողջապահության նախարարի հունվարի 29-ի հրամանը, որով պատվաստման տարիքային շեմն ընդլայնվել է:

Նրանց հուզող այս ու այլ հարցերի պատասխանները հնչել են նույն ժամին առողջապահության նախարարությունում եւ երեւանյան ակումբներից մեկում կայացած ասուլիսների ժամանակ:

13-ամյա Դիանայի մայրիկը երկար փնտրում էր իրեն մտահոգող հարցի պատասխանը: Ի վերջո, վստահեց իրենց տարածքային պոլիկլինիկայի բժշկուհու հիմնավորումներին ու որոշեց՝ դստերը տանելու է   արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով պատվաստմանը:

«Գարդասիլ» դեղի անունը միայն հայ հասարակության մոտ զգայական ընկալում է գտնում: Դիանայի մայրիկն էլ զրույցների մակարդակով լսել էր, թե դեղը կարող է տարբեր բարդություններ առաջացնել: Բայց այժմ դստեր ստացած պատվաստումից հետո դրա մասին պատմում է թեթեւացած:

Դիանայի մայրիկը նկատել է՝ իր դստեր հասակակիցների մայրիկների անհանգստությունն էլ է այս առումով նվազել: Հարցեր շատ են լինում, բայց երբ մյուս մայրիկներն էլ են վստահեցնում, որ պատվաստումը թեթեւ է անցել, ավելի վստահ են դիմում պոլիկլինիկա՝ պատվաստման:

«Գարդասիլով» պատվաստման հարցում, սակայն, նույնքան, հանգիստ չեն որոշ մասնագետներ: Հայկական առողջապահական խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանին մասնավորապես մտահոգում է հետեւյալ հարցը: «Հնարավոր է՝ բնակչության ինչ-որ զանգված ասել, որ դա հակաքաղցկեղային միջոց է, եւ մարդը ներշնչված՝ հավատա դրան: Ես, որպես պրակտիկ բժիշկ, որպես քաղցկեղ վիրահատող մարդ, պաշտոնապես հայտարարում եմ՝ հակաքաղցկեղային պատվաստանյութ գոյություն չունի աշխարհում»:

Այս դիտարկմանը հակադարձում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը: Բառախաղի պետք չէ տրվել՝ ասում է: Եթե քաղցկեղի այս տեսակի հիմքում պապիլոմա վիրուսն է, ուրեմն հակավիրուսային պատվաստանյութն այս դեպքում նաեւ hակաքաղցկեղային է:

Թեման շատ ավելի լուրջ կողմեր ունի՝ ասում է օնկոգինեկոլոգը: Շուրջ 40 տարվա պրակտիկայի բերումով նա ճանաչում է խնդիրը մտահոգիչ վիճակագրությամբ, դեպքերով ու ընտանիքներին պատուհասած դժբախտություններով: Ժամանակն է խնդիրը լավ ճանաչել՝ իր բոլոր ծանր կողմերով ու գիտակցել՝ դրանից կարելի է խուսափել պատվաստում ստանալով:


Մինչդեռ նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, ուռուցքաբանների մասնագիտական դիտարկումներից զուգահեռ, սեփական դիտարկումներն ունի ու որոշ կասկածներ:

Օրինակ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են ոչնչացնում «Գարդասիլ» պատվաստանյութի սրվակներն օգտագործելուց հետո, ինչո՞ւ է իրենց պատահական հայտնի դարձել առողջապահության նախարարի հրամանը, որով ընդլայնվել է պատվաստում ստացողների տարիքային շեմը, արդյո՞ք դեղի պահպանման ժամկետի խնդիր չկա: 

Նեյրովիրաբույժը մարտի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ մատնանշելով այն մտահոգությունները, որոնք առնչվում են «Գարդասիլ 4» պատվաստանյութին:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հնչած դիտարկումներին նախ մեկ անուն է տալիս՝ ապատեղեկատվություն:

Եթե ամսագրերում կան որոշ հոդվածներ, ապա կան նաեւ գիտական հաստատությունների վերլուծություններ ու վիճակագրություն՝ ներկայացնում է Սահակյանը:

Պատվաստանյութների անվտանգության գլոբալ կոմիտեի 2017-ի հունիսի հրապարակման համաձայն՝ աշխարհում պապիլոմա վիրուսի 270 մլն-ից ավելի պատվաստանյութ է կիրառվել, եւ որեւէ անակնկալ կողմնակի ազդեցություն չի գրանցվել:

Գայանե Սահակյանը շեշտում է՝ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը 2020-ի ապրիլն է, դրանք ժամկետանց չեն ու չեն կարող լինել: Հայաստանը միջազգային գործընկերների աջակցությամբ է, որ առաջիկայում կարող է թանկարժեք՝ շուրջ 100 դոլար արժեքով «Գարդասիլի» սրվակը ձեռք բերել 4.5 դոլարով, ու դա որակի հետ որեւէ կերպ կապված չէ:

Պատվաստման ողջ գործընթացը իրավական ամրագրված հիմքեր ունի՝ ասում է: Որպես մտահոգությունների պատասխան՝ Սահակյանը փոխանցում է նաեւ՝ այս ընթացքում ավելի քան 2500 պատվաստում է արվել, ու ոչ մի բարդություն: Պրոֆեսոր Գագիկ Բազիկյանն էլ այս համատեքստում անհասկանալի է համարում՝ ում է պետք այս անհասկանալի աժիոտաժը:

Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը Հայաստանում մտահոգիչ վիճակագրություն է գրանցում: Կանանց շրջանում չարորակ գոյացությունների թվում քաղցկեղի այս տեսակն իր տարածվածությամբ երկրորդն է:

2017-ին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի երկու հարյուրից ավելի (262) առաջնային դեպք, դրանց կեսից ավելի՝ 56 %, ուշացած փուլերում, մի քանի տարվա կյանքով։

Սա ազգային անվտանգության հարց են համարում «Գարդասիլով» պատվաստմանը թե դեմ, թե կողմ հանդես եկողները: Բայց մոտեցումներն են տարբեր, գուցե նաեւ շահերը:

0:00
0:00