ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են բարեփոխումները
2019-03-26 12:42:26

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրե Շիրցելը (Սլովենիա)՝ մարտի 12-ից 14-ը Երևան կատարած այցից հետո հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները լավ հասկանում են հանրության ակնկալիքները և կարևորել են այն շոշափելի արդյունքները, որոնց կհանգեցնեն ձևավորվող բարեփոխումները:

Համազեկուցողները, ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, ողջունել են Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների պատրաստակամությունը, և գործադիր իշխանության անդամների ցանկությունը` իշխանության ավելի լավ բաշխման համար:

«Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, և կարելի է միայն ողջունել ուժերի իրավական հավասարակշռություն ստեղծելու ցանկացած պատրաստակամություն»,- ասել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարական մշակույթի արմատավորմանը՝ հիմնված բազմակարծության և հանդուրժողականության վրա:

Իրենց հանդիպումների ժամանակ համազեկուցողները տեղեկացել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության կողմից կա վերաբերմունքի հստակ փոփոխություն և որ առաջին շոշափելի արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում արդեն կան:

Նրանք նաև տեղեկացվել են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքներն արդեն առկա են: «Մենք ողջունում ենք պատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերվում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- ասել են համազեկուցողները:

Համազեկուցողները ուշադրությամբ հետևելու են նշված բարեփոխումների իրականացման ընթացքին: Նրանք կոչ են արել օգտագործել հանրային լայն աջակցությունը, որպեսզի ակտիվացնեն ջանքերը սոցիալական բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ ներառյալ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների բարելավումը:

Համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որը դրսևորել են Հայաստանի քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը խաղաղ հեղափոխության ընթացքը կառավարելու և դրան հաջորդած քաղաքական անցումը իրականացնելու հարցում:

«Այդ անցումն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններով, որոնք բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, ում հետ մենք հանդիպել ենք, համարել են արդար և արդար»,- նշել են նրանք:

Նրանք նշել են, որ Հայաստանում իրականացվելիք փոփոխությունները խորն են: «Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ այդ փոփոխությունները նախապատրաստելու և կյանքի կոչելու հարցում»,- եզրափակել են համազեկուցողները: