ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փողն առաջնային չէ․ վարչապետը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
2019-03-26 16:00:29

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից տեղի է ունենում այն բանավեճը, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից, ինչ է ուզում գիտությունը պետությունից, և ինչ կարող են դրանք ընդհանրապես  տալ իրար: Այս հարցերի պատասխանը գտնելը, վարչապետի կարծիքով, կլինի այն առաջին կարևոր կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը:


«Ե
ս կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը: Պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչքան փող կա, և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ այն մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը, և արդյոք կարող ենք լուծել այն: Եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում: Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի, որովհետև նպատակները շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե այս պահին ինչքան փող ունենք», -նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցերի, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։

«Մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգը և ներուժը՝ առանձին: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական ներուժը, և դա պետք է արվի հետևյալ կերպ. գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացում, ինչն իր հերթին նաև ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ»:


Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ Կառավարության ղեկավարի, այն է, թե ինչքանով է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված մեր զինված ուժերին և մեր բանակին և ինչքանով է նպաստում մեր անվտանգության կարիքների սպասարկմանը:

«Եվ ևս մի կարևոր հարց, որը ցանկանում եմ ընդգծել, հետևյալն է. իսկ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված կամ ինչքանո՞վ է աշխատում ինքնաճանաչման կարևոր հրամայականի վրա: Մեր ռազմավարական ապագան կառուցելու համար շատ կարևոր է, որ մենք այսօր առավել ճիշտ և առավել ընդգրկուն ճանաչենք ինքներս մեզ՝ որպես ինքնություն,  ազգություն, հանրություն, ժողովուրդ, քաղաքացի, որովհետև ինքնաճանաչողությունն ապագայի ռազմավարությունը կառուցելու կարևորագույն նախապայման է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս թեմաները քննարկվել են ԳԱԱ ներկայացուցիչների, Կրթության և գիտության նախարարի և նախարարության հետ. դրանք լինելու են կառավարության առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները, և գործադիրն այս շրջանակում է պատկերացնում համագործակցությունը ԳԱԱ և ընդհանրապես գիտակրթական համակարգի հետ:

«Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա անհրաժեշտ գիտական, մարդկային  ներուժ, անհրաժեշտ մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի մենք ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Այդ արդյունքներն իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի», - ելույթը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

0:00
0:00