ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ սահմանին կանգնած 18 տարեկանները չեն զիջում ավագներին
2019-03-26 18:01:35

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլյան քառօրյայից 3 տարի անց «Ռադիոլուր»-ը կրկին Արցախում է, հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության, սպայական կազմի, զինվորների, նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Այսօր ներկայացնում ենք շարքի առաջին հարցազրույցը՝ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

Այսուհետ ՊԲ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կրելու են «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը»: «Ռադիոլուրը» Արցախի ՊԲ–ում ներկա է եղել  այդ արարողությանը, զրուցել բանակի հրամանատար գեներալ մայոր Վարդան Բալայանի հետ:


Արցախի ՊԲ-ում հանդիսավոր արարողություն է: Հայոց եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը Պաշտապանություն բանակի սպաների ու զինվորների կրծքին փակցնում է «Աշոտ Երկաթ»  թագավորի խաչ-կրծքանշանը:

«Մի պատմական օր ենք ապրում, մեր Բանակի սրտի կենտրոնում՝ շտաբում: Այսուհետ պաշտպանության նախարարի հրամանով բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կրելու են «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը», այն ազատարար ու հաղթանակ հայոց թագավորի խաչն է:

«
Ռադիոլուրի» հետ զրույցում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը ասում է, որ հոգևոր դաստիարակությունը բանակում շատ կարևոր է, իսկ հոգևորականների ներկայությունը միանգամայն արդարացված.

«Եթե զինվորը ինչ-որ տեղ թույլ է տալիս սխալ, բայց անմիջապես հիշելով ինքը խաչակիր է՝ հատկապես. գիտակցող զինվորը կարճ ժամանակում իր սխալը կուղղի»:


Գեներալ Բալայանի հետ զրուցում ենք նաև բանակում տեղի ունեցող փոփոխությունների ու վերադասավորումների մասին: Հարցնում եմ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ռազմավարության փոփոխություն է տեղի ունեցել.

«Բանակը եթե դոփում է տեղում, համոզված եմ, որ այդ բանակը կործանման է  գնում: Այն  աճող օրգանիզմ է, պիտի զարգանա, պիտի  առաջընթաց ապրի, պիտի նորամուծություններ տեղի ունենան: Նոր զենքերի, նոր տեխնիկայի հետ կապված, այնպես որ այդ ամեն ինչը բնականոն ընթացք է»:


Կադրային
փոփոխություններից սահուն անցում ենք կատարում  սահմանային իրավիճակին, Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին: Հարցնում եմ՝ զորավարժությունները արդյո՞ք պետք է անհանգստացնեն մեզ:

«Իհարկե պետք է անհանգստացնեն, քանի որ հակառակորդին չպետք է ընդհանրապես թերագնահատել, իսկ թերագնահատել դա կնշանակի կործանվել: Մենք գնահատում, ուսումնասիրում ենք  հակառակորդին, նրա ամեն մի քայլը մեր ուշադրության կենտրոնում է. ու սահմանի ինչ որ խորությունում մենք լուրջ հետևում ենք: Մենք պարզապես չենք կարող անուշադիր լինել, քանի որ սա անվտանգության գրավականն է»:

18 տարեկանները չպետք է ծառայեն առաջնագծում. նման կարծիք լսում ենք քաղաքական որոշ ուժերի կողմից։ Վարդան Բալայանին հարցնում եմ, թե որքանով է այս թեզն իրատեսական։ Զրուցակիցս հորդորում է ավելի շատ շփվել 18 տարեկանների հետ ու չթերագնահատել նրանց:


«
28 տարի ծառայել եմ Հայոց բանակում, 27-ը եղել եմ հրամանատար: Ապրիլյան պատերազմում հակառակորդը մեր դեմ դուրս հանեց հատուկ նշանակության ջոկատայիններին: Բոլոր ուղղություններով կռվում էին առաջնագծում 18 տարեկանները: Մենք չենք նահանջել, այլ հանկարծակիության պատճառով ենք մենք դիրքեր կորցրել: Ու 18 տարեկանների բարոյահոգեբանական վիճակն այնպիսին էր, որ նրանք չէին կարող վախենալ, եթե անգամ նրանց դեմ հրեշ դուրս գար»: 

Մատնանշում է մի քանի օրինակներ, երբ սահմանին կանգնած 18 տարեկան զինվորը բարոյահոգեբանական իր կայուն վիճակով ոչնչով չի զիջում ավագներին։


«Երբ 170 մարտական դիրքում Մերուժան Ստեփանյանին մոտենում է ջոկի հրամանատարը ու ասում, որ մեր փամփուշտները վերջանում են, Մերուժանը հրամայում է, պատրաստվել ձեռնամարտի: Ոնց կարող է նման ոգով մարդուն ինչ որ բան ընկճել, թեկուզ քո դեմ ատոմային զենք օգտագործեն»,- ասում է Արցախի
  ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով  տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանն ու հավելում․

«Մենք ունենք գեներով կռվելու ունակություն ու հենց այդ գենի շնորհիվ մենք ունեցանք մեկ հայրենիք, իսկ արտաքին աշխարհի համար երկու հայկական հանրապետություն»։

0:00
0:00