ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մաքրուհիների խնդրից մինչեւ ծայրահեղ աղքատության վերացում. ԱԺ քաօռրյան մեկնարկեց
2019-03-26 18:19:27

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստում այսօր ավարտվեց: Փաստաթղթի քննարկման եւ ընդունման համար սահմանվել է արագացված ընթացակարգ, ինչը ենթադրում է, որ երկրորդ եւ վերջին ընթերցումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կենսաթոշակային համակարգ կներմուծվի նվազագույն կենսաթոշակի չափի մասին նոր եզրույթ, որից ցածր կենսաթոշակ հանրապետությունում այլեւս չի կարող լինել։ Սահմանված շեմը 25 500 դրամ է:

Այսօրվա դրությամբ շուրջ 18000 կենսաթոշակառու ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ։ Օրենքն ընդունելուց հետո այն կունենա հետադարձ ուժ, ավելացող կենսաթոշակների չափը կվերահաշվարկվի եւ կվճարվի 2019 թվականի հունվարի 1-ից:  

Պետական բյուջեում այս փոփոխությունը կբերի 800 միլիոն դրամի ծախսերի ավելացման:  Այս նախագիծը միակ պատճառը չէր, որ խորհրդարանում՝ լիագումար նիստի ժամանակ գրանցվեր առաջին խիստ առճակատումը խմբակցությունների միջեւ:

Պատգամավորների օրը ԱԺ- ում այսօր սկսվեց մաքրուհիների խնդրով: Նրանցից մի մասը շարունակում է օրեր տեւող բողոքը: Դժգոհության պատճառները մաքրուհիները հասցրել են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին: Այսօր արդեն դիմեցին ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանին եւ խմբակցության ղեկավար Արման Աբովյանին: Նրանք գրանցեցին մաքրուհիների կոնտակտային տվյալները՝ գործին ընթացք տալու խոստումով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է խնդրի պատճառը: Պարզվում է՝ Աժ-ի շենքի մաքրությունը նախկին աշխատակազմի հետ կնքված պայմանագրով ապահովում է «Քլիներս» ընկերությունը:

Նոր աշխատակազմը պարզել է հետեւյալ պատկերը. Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ առավոտյան 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89 950 դրամ աշխատավարձ:

 23 մաքրուհի աշխատում են 09:00-ից 18:00-ն՝  նույնաչափ աշխատավարձով: Քանի որ մաքրուհիների պայմանագրերը լրանում են մարտի 31-ին, նրանց առաջարկվում են աշխատանքային նոր պայմաններ, ինչի մասին էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է ֆեյսբուքում:

«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի եւ գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է»,- ասված է պարզաբանման մեջ:

Այս տարբերակը համարվում է օպտիմալ թե՛ պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե՛ կառավարչական ռեսուրսի խնայման առումով։

Ոչ միայն մաքրուհիների, այլ ընդհանրապես աշխատանքային պայմաններին վերաբերող երկու օրենսդրական նախաձեռնությամբ այսօր հանդես եկան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Երկու առաջարկն էլ վերաբերում էր «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններին: Ուշագրավ է, որ առաջարկած փոփոխություններից մեկը կարող էր անուղղակի ազդեցություն ունենալ հենց մաքրուհիների խնդրի վրա:

Առաջարկը  պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց նիստերի դահլիճում:

Ոչ կառավարությունը, ոչ էլ խորհրդարանական մեծամասնությունը դրական եզրակացություն չտվեցին առաջարկվող նախագծին: ԲՀԿ պատգամավորների երկու առաջարկն էլ քվեարկությամբ մերժվեց եւ անգամ օրակարգ չմտավ: Այսպես այսօր սկսվեց պատգամավորների միջեւ վիճաբանությունը:

Ընդդիմադիրների քննադատական ելույթները շարունակվեցին անգամ «Կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ: Առաջարկով հանրապետությունում այլեւս չի կարող լինել նվազագույն կենսաթոշակի չափից՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ: Այսօրվա դրությամբ Հայաստանում 18000 կենսաթոշակառու ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ։ Նախագծի ընդունման դեպքում նրանց կենսաթոշակները կվերահաշվարկվեն հետադարձ ուժով՝ այս տարվա հունվարի 1-ից սկսած:

Այս հարցի քվեարկությունը առաջին ընթերցմամբ խորհրդարանում կկազմակերպվի վաղը: