ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմավիր քաղաքում սուբվենցիայի ծրագրով ասֆալտապատում կիրականացվի
2019-03-27 14:43:18

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման նպատակով Արմավիրի քաղաքապետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել: Սուբվենցիոն ծրագրով նախատեսվել է ասֆալտապատել կենտրոնի մի հատվածը, որը հավանության չարժանացավ հանրության և ավագանու մի քանի անդամների կողմից: Հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը

Կառավարությունից տրամադրվող սուբվենցիայի ծրագրով Արմավիր քաղաքի կենտրոնում նախատեսվել է ճանապարհի և մայթերի ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի կառուցում: Նախագիծը պատվիրված է, նախահաշիվը կազմված, արժեքը 69 մլն 775 հազ դրամ է, որի 45 տոկոսը ֆինանսավորելու է պետությունը, 55 տոկոսը՝ քաղաքը: Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանի կարծիքով անհրաժեշտ է բարեկարգել կենտրոնը:

«Ամենանպատակահարմար տեղը քաղաքի կենտրոնն է, որտեղ տեղակայված են նախակրթական, կրթական, պետական հաստատություններ և սպասարկման ոլորտի կառույցներ»:

Ներկաները պնդում էին հակառակը, որ կենտրոնը որոշ չափով բարեկարգված է և հիմնանորոգման կարիք ունեն ծայրամասային փողոցները: Ավագանու անդամ Հայկ Բարսեղյանն ու ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը պնդում էին, որ Հանրապետության փողոցի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով ավելի նպատակահարմար է հիմնանորոգել Թումանյան փողոցի մի հատվածը: «Ավագանու նիստի օրակարգին զուգահեռ քննարկեցինք հարցը և ասացինք Թումանյան փողոց»,- նշեց ավագանու անդամ Հայկ Բարսեղյանը:

«Ավտոկայանից Թումայան փողոցով քաղաքի այլ թաղամասեր գնացող մեքենաների հոսքը կկրօատի Հանրապետության փողոցով երթևեկությունը: Ես ուզում եմ հասկանալ, դու սա հաժշվի առել եք նախագծելիս»,-հարցնում է ԱԺ պատգամավորը:

Ավագանու անդամների և քաղաքացիների մտահոգությունը նաև ջրահեռացման անբարեկարգ համակարգն է: Մյասնիկյան փողոցի Ջիվանուց-Հանրապետության և Չարենցի փողոցն ընկած հատվածի բարեկարգումից հետո անձրևաջրերը լցվելու են Հանրապետության փողոցի ջրատարներ, որը մասամբ է մաքրված, իսկ ճանապարհների անցումներում խցավնված է, լցված է հողով: Հանրային լսումներին ընդհանուր հայտարարի չեկան նախագծի շուրջ,բայց նաև չառարկեցին՝ ժամանակի սղության պատճառով:

«Եթե պետք է ոչ ասենք՝ զրկվելու ենք ծրագրի ներդրումներից, եթե այո՝ ապա մեր դիրքերը զիջեցինք, բայցրևայնպես, ինչ էլ անեն մեր քաղաքի համար են անելու»:

Նախագծին դեմ էին նաև հասարակական ակտիվիստները: Ալֆրեդ Նիկողոսյանն անիմաստ համարեց հանրային լսումները, եթե անտեսվում են քաղաքացիների առաջարկությունները և հանրային լսումներ կազմակերպում են չխախտելով օրենքի պահանջը:

«Հանրային քննարկումը պետք է լիներ մինչև որոշում կայացնելը, մինչև ծրագիրը ներկայացնելը, մինչև նախագիծը սկսելը»:

Ծրագրից գոհ էր Արմավիրի ավագանու անդամ Արսեն Մելոյանը, քանի որ կվերանորոգի դպրոցի ճանապարհը:

Ինչ կարծիք ունեն արմավիրցիներն այս հարցի վերաբերյալ:

«Մեծ խնդիր ունենք Թումանյան և Հունան Ավետիսյան փողոցների ասֆալտապատման հետ կապված, որովհետև երկար տարիներ այդ փողոցները մասնակի չեն նորոգվել»:

«Քաղաքում ավելի վատթար վիճակում է գտնվում պահածոների գործարանի փողոց, որը կապում է կենտրոնը արևելյան մեծ թաղամասի հետ: Այս ճանապարհից դժգոհում են դժվարությամբ են սպասարկում նույնիսկ տաքսիները»:

Հանրային լսումներին առցանց հետևող քաղաքացիներն առաջարկեցին բարեկարգել բազմաբնակարան շենքերի բակերը: Բազմաթիվ տարաձայնություններից հետո որոշումը մնաց անփոփոխ, քանի որ 990 հազար դրամ արդեն ծախսվել էր նախագածա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

0:00
0:00