ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկրում սեփականության վերաբաշխման որևէ գործընթաց տեղի չի ունեցել
2019-03-27 14:48:20

Այսօր Ազգային ժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է թվեր, որոնք վկայում են մրցակցային դաշտի բարելավման մասին: 2018 թվականի մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51 տոկոսի փոխարեն:

«Ես այս ցուցանիշը կարևոր եմ համարում ոչ միայն այն տեսակետից, որ մրցակցային վիճակը բարելավվել է, այլ որ մրցակցային վիճակը չի բարելավվել նախկինում գործող ընկերությունների ողնաշարը ջարդելու կամ այդ ընկերությունները ջարդուփշուր անելու միջոցով: Այսինքն, այդ ընկերությունները շարունակել են գործել բնականոն, սակայն միևնույն ժամանակ դաշտ է բացվել նաև այլ ընկերությունների գործունեության համար:

Եվ սա ես համարում եմ մեր հաջորդ ամենակարևոր հաջողությունը և արդյունքը, որ չնայած այսպիսի ահռելի ծավալի քաղաքական փոփոխություններին՝ երկրում ընդհանրապես սեփականության վերաբաշխման որևէ գործընթաց, որևէ դեպք, որևէ պրոցես տեղի չի ունեցել: Իհարկե, սեփականության վերաբաշխում ասելով նկատի ունենք այն քաղաքականապես, միջազգայնորեն ընդունված տերմինը, որովհետև սա չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ իրենց բաժնեմասերը չեն վաճառել, մյուսներն այդ բաժնեմասերը չեն ձեռք բերել: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, խոսքն այն մասին է, որ այս ընթացքում որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից սեփականություն է վերցրել և այդ սեփականությունը տվել է ուրիշին: Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից բիզնես է խլել և այդ բիզնեսը տվել է ուրիշին: Եվ սա համարում ենք մեր կառավարության գործունեության կարևոր ցուցանիշներից մեկը»,- ասել է վարչապետը: