ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ թատրոնի ապագան՝ ըստ ուսանողների․ այսօր թատրոնի համաշխարհային օրն է
2019-03-27 17:08:20

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 27-ը՝ միջազգայնորեն թատրոնինն ու թատրոնի մարդկանցն է: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, ավանդույթի համաձայն, երեկոյան տեղի կունենա  «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: «Արտավազդ» մրցանակն այսօր կերջանկացնի նրանց, ովքեր տարվա ընթացքում Հայաստանի թատերական կյանքում իրենց դրսևորել են  լավագույնս: Այս մրցանակաբաշխությունը թատրոնում արդեն ճանապարհ անցած գործիչների «մասին» է: «Ռադիոլուրը» այսօր անդրադարձել է նրանց, ովքեր թատրոնի գեղեցիկ, բայց նաև բարդ ճանապարհի միայն սկզբում են:

Հայ թատրոնի ապագան. Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում «Ռադիոլուրին» նրանք ներկայանում են հայկական պարզ անուն ազգանուններով, որոնք զրույցի սկզբում անգամ դժվար է հիշելը, իսկ նրանց մեջ գուցե մի նոր Վահրամ Փափազյան է, մի նոր Մետաքսե։

Բեմը նրանց բացահայտելու է ապագայում, իսկ այսօր՝ մեզ համար գոնե,  բացահայտման ենթակա գուցե փոքր ինչ սադրիչ հարցն այսպիսին էր՝ ինչո՞ւ որոշեցիք ընտրել թատրոնը՝ թատրոնի համար բարդ այս ժամանակներում:

Դեզդեմոնա խաղալու երազանքով, բայց նաև վախերով: Այսօրվա թատրոնն ու թատերական կյանքն այն չէ, ինչի մասին ապագա դերասանուհի Մարիամ Գևորգյանը երազում է: Վաղը կգտնի իրեն այս միջավայրում թե չէ, ասում է՝ մտահոգիչ ու բարդ հարց է: Հույսը բարեփոխումներն են, որոնք իր սերունդն է բերելու։

Ապագա դերասան, ռեժիսոր  Վարդան Մելիքյանին էլ այս մասնագիտությանն է մղել այն կախարդանքը, որի բացատրությունը, ինչպես ասում է, դեռ որևէ մեկին չի հաջողվել շարադրել: Բեմի կախարդանքը մի բան է, թատրոնով մեր օրերում ընտանիք պահելը՝ բոլորովին այլ բան:

Հեռանկարը վախեցնում է թատերականի այսօրվա ուսանողին, բայց անվերապահորեն հավատում է մի բանի՝ լավ մասնագետն իր տեղը կգտնի: Նա էլ թատրոնում խորքային բարեփոխումների կողմնակից է։

Հովհաննես Դիշյանն էլ ապագա դերասան է: Մասնագիտությունն ընտրել է, որովհետև ուզում է ասել ավելին, քան կարող է անել սովորական կյանքում։

Հայ ժամանակակից թատրոնում Հովհաննեսի բացահայտած խնդիրն առայժմ միայն ֆինանսականն է: Թատրոնից թատրոն, սերիալից սերիալ թռչող դերասանի կյանքի հեռանկարը նրան ևս մտահոգում է։


4-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Հակոբյանի հետ զրուցեցի կուրսային ներկայացման փորձից առաջ: Ժան Ժենեյի «Աղախիններում»  նա առանցքային կերպար է: Կերպարին տրվելուց առաջ մեզ հետ իր  երազանքի թատրոնի մասին է խոսում։

Երբ փորձում ես անել նորը, միշտ էլ վախ կա չհասկացվելու, այսպիսի վախեր ունի նաև Լիանա Հակոբյանը, բայց ինչպես ասում է՝ հաղթահարելի: Այդ վախերը հաղթահարելու դասերը նաև կուրսի ղեկավար, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանից է ստանում: Հենց նա էլ ասում է՝ եթե երիտասարդությունն այսօր չզբաղվի թատրոնով, վաղը շատ ուշ կլինի։

Հայ թատրոնի համար այսօր բարդ ժամանակներ են. հարվածներից կամրանա թատրոնը, թե՞ կհանձնվի, ռեժիսորն ասում է՝ ցույց կտա ժամանակը:

0:00
0:00