ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը զբոսաշրջային հոսքերի ավելացումն է
2018-08-07 13:35:05

Վերին Լարսի սահմանային անցակետի կուտակումների հիմնական  պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում է մարդատար մեքենաներին, ինչի հետևանքով բեռնատար մեքենաների անցումը ձգձգվում է: Ըստ վարորդների՝ վրացական կողմում այն տևում է 3-4 օր:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի քարտուղար Հերբերտ Համբարձումյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ իրենց բեռնատար մեքենաներն այս պահին էլ շարունակում են հերթագրված մնալ Վերին Լարսում:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը, մինչդեռ, չի հասկանում Վերին Լարսում կուտակումների առաջացման պատճառը: «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԱՏՄ-ի ձեւավորումից հետո, երբ Հայաստանի միակ ճանապարհը  Լարսն էր ու չկար այլընտրանք, խոստացվել էր, որ Վերին Լարսում Հայաստանի համար մեկ առանձին գիծ կբացվի:

«Այսինքն, այնտեղ պիտի լիներ կանաչ ուղի: Այն ժամանակներում մեզ այնտեղ խանգարողը թուրքական մեծ բեռնատարներն էին, որոնց պատճառով մեծ կուտակումներ էին առաջանում: Դրա պատճառով Հայաստանի բեռնատարները չէին կարողանում մտնել ԵԱՏՄ տարածք: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է այդ հարցը լուծել՝ Հայաստանի համար պետք է առանձին ճանապարհ լինի այնտեղ:

Վերին Լարսի ռուսական անցակետում նման առանձին ուղի Հայաստանի համար ստեղծելու մասին նախկինում շատ է խոսվել, բայց որեւէ մեկն այդպես էլ խոսքը գործի չվերածեց՝ ասաց Րաֆֆի Մխջյանը:

«Եթե մենք մեկ մաքսային միություն ենք, ուրեմն մեզ համար սահմաններ պիտի չլինեն՝ խոչընդոտների պիտի չհանդիպենք: Սա է ընդհանուր խնդիրը՝ պետք է հատուկ վերաբերմունք լինի: Մինչեւ որ ռուսները մեզ հավասարը հավասարին չնայեն՝ այս հարցին լուծում չի լինելու»:

Հերբերտ Համբարձումյանը, մինչդեռ, կարծում է, որ հերթերի գոյացումը որեւէ այլ խնդրի հետ չի կարող կապվել, իսկ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար էլ առանձին հատուկ կանաչ ուղի նախատեսված է:

Նրա խոսքով՝ հերթեր էլ առաջանում են ամառային այս շրջանում, երբ մեծանում է զբոսաշրջային հոսքը: Ասաց, որ կուտակումները ինչ-որ չափով կարող են թեթեւանալ, եթե նման շրջանում Վերին Լարսում ավելացնեն աշխատակիցների քանակը, ինչի մասին իրենք խնդրել են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի գործընկերների հետ: Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում էլ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակից արագ դուրս գալու համար.

«Ռուս գործընկերները նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի: Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին: Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝ հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը»:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում շարունակ խոսվել է այլընտրանքային ճանապարհի մասին:  Ըստ նրա, սակայն, նման խոսակցություններ լինում են, երբ քաղաքական նկատառումներով ինչ-որ մեկին ձեռնտու է լինում, հետո՝ այդ ուղղությամբ դադարում են մտածելը: Արտահանողների միության նախագահը նաեւ նկատեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո այդ հարցերին դեռեւս լուրջ անդրադարձ չի եղել: Կարծում է, որ պետք է անպայման անդրադառնալ: Հերբերտ Համբարձումյանի խոսքով՝ որպես այլընտրանք լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել Հարավային Օսեթիայի ճանապարհի բացումը, այն էլ, սակայն, հասկանալի է, Հայաստանի իշխանություններից կախված չէ. քաղաքական խնդիր է եւ կախված է  վրացական եւ օսեթական իշխանությունների բարի կամքի դրսեւորումից: