ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին
2019-03-27 17:00:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:

Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ ներգրավվածություն չկար, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեքային համակարգ: 

«ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», - ասել է վարչապետը և այս համատեքստում կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին և քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ուշադիր հետևել և հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում են քաղաքական փոփոխությունների խաղաղ, ոչ բռնի իրականացումը:

«Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար», - ասել է Լիլիան Մորի-Պասկիեն: Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնութունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար:

Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով բարեփոխումների նախաձեռնումը և ևս մեկ անգամ նշել, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են օժանդակել կառավարությանը այդ գործում, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ համագործակցության 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում: