ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-28 10:15:17
  • «Առավոտ». Ի՞նչ են գնել պատգամավորները, նախարարները՝ ապառիկով, ով ինչքան վարկ ունի
  • «Փաստ». Ինչպե՞ս են ապահովվելու 40 մլրդ դրամի հավելյալ մուտքերը
  • «Ժողովուրդ». Ասում է` կստանան
  • «168 ժամ». Կողմ ըլլալով՝ դեմ, կամ հակառակը

Ինչպե՞ս են ապահովվելու 40 մլրդ դրամի հավելյալ մուտքերը

Երեկ Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունը՝ մենք եկանք այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն, մոտ 90 մլն դոլարով»: «Փաստ»-ի տեղեկություններով, այս տվյալները հաճելի անակնկալ են եղել նաև Փաշինյանի համար: Ըստ ներքին ուսումնասիրությունների, այդ հավելյալ եկամուտների ավելացումը արդյունք է ստվերի դեմ պայքարի և Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության:

Ըստ թերթի աղբյուրի, ՊԵԿ նախագահն այն քիչ պաշտոնյաներից է, ում աշխատանքից վարչապետը լիարժեքորեն գոհ է: Ինչ վերաբերում է գործիքակազմին, ապա արդյունավետ աշխատանքին նպաստում է հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը բավականին լավ թվայնացման մակարդակ ունի, որը թույլ է տալիս վեր հանել այն ոլորտը կամ ընկերությունները, որոնք համարվում են առավել ռիսկային: Կառավարության թերթի աղբյուրի պնդմամբ, ըստ իշխանության ներկայացուցիչների, երկրորդ հանգամանքը, որը նպաստելու է հավելյալ պետական եկամուտների հավաքագրմանը, քաղաքացու և կառավարության երկխոսության ձևավորումն է:

Ի՞նչ են գնել պատգամավորները, նախարարները՝ ապառիկով, ով ինչքան վարկ ունի

Երեկ խորհրդարանում «Առավոտ»-ը փոքր հարցախույզ է անցկացրել՝ պարզելու, թե պատգամավորներից, նախարարներից ովքե՞ր վարկեր ունեն ու ի՞նչ են գնել ապառիկով: Պարզվում է, որ նախարար ունենք՝ վարձով է ապրում, պատգամավոր ունենք՝ տանը ինչ ունի-չունի՝ ապառիկով է առել: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցին՝ ձեր տան հեռուստացույցը, սառնարանը, լվացքի մեքենան վարկո՞վ են, թե՞ չէ՝ պատասխանել է «հեռուստացույցը, ճիշտն ասած, չէ»: Որպեսզի դրանից չենթադրեն, որ Մելքումյանն ախր բիզնեսներ ունի, ձեռքը քարի տակ չի, ինչի՞ պետք է ապառիկով հեռուստացույց ու սառնարան գնի՝ նա շտապել է հավելել. «Բայց մի բան պիտի որ ունենայի վարկով»: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պարզվում է, ապառիկով սառնարան, լվացքի մեքենա չի գնել, բայց տունն է վարկով վերցրել՝ հիփոթեքով. «Մոտ 15 հազար դոլարից ավելի պիտի փակեմ»:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է. «Ես վարձով եմ ապրում դեռ, իմ հիփոթեքային բնակարանը դեռ չեմ ստացել, երբ ստանամ, դրա մասին կխոսենք»:  Այն, որ զարմանալի է, որ պետական պաշտոնյաներն էլ են վարկերով գնում իրենց կենցաղային ապրանքները՝ Սուրեն Պապիկյանը պատասխանել է. «Պետական պաշտոնյաները սովորական մահկանացուներ չե՞ն, մենք էլ նույն կյանքով ապրող մարդիկ ենք»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պատասխանել է, որ իր տան լվացքի մեքենան, սառնարանը վարկով չեն: Բայց կարծում է, որ եթե գումար կա, շատ ավելի ձեռնտու է անմիջապես առնել, քանի որ ապառիկի դեպքում տոկոսներն այնքան են գումարվում, որ մայր գումարը գերազանցում են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, «Նոր պետական պաշտոնյաները սովորական մահկանացուներից են սերվել, եկել, զարմանալի բան չկա, որ ապառիկով են գնում իրենց տան սպառողական ապրանքները»: Հարցին՝ ձեր տան լվացքի մեքենան, սառնարանը ապառիկո՞վ եք գնել՝ նա պատասխանել է. «Սառնարանը չէ, բայց իմ բնակարանն է հիփոթեքով: Վաղուց եմ վերցրել, երիտասարդ մասնագետների ծրագրով»:

Դիտարկմանը, որ գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները վարկեր ունեն՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանն արձագանքել է. «Դե որովհետեւ աշխատավարձով ենք ապրում, գրողը տանի»:

Դիտարկմանը, որ գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները վարկեր ունեն՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանն արձագանքել է. «Դե որովհետեւ աշխատավարձով ենք ապրում, գրողը տանի»:

Ասում է` կստանան

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի մի քանի մանկապարտեզների աշխատողներ: Նրանց պատմելով`իրենց զգուշացրել են, որ աշխատավարձերի բարձրացման սպասեն սեպտեմբեր ամսին, այնինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել

էր, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի կունենա մարտին կամ ապրիլին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին: Թերթի հարցին ի պատասխան` մամուլի խոսնակն ասել է. «Աշխատավարձերի բարձրացումը լինելու է ապրիլի 1-ից: Այսինքն`ապրիլի վերջ մայիսի սկիզբ արդեն բարձրացած աշխատավարձ կստանան»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` քաղաքապետարանի մամուլի խոսնակն ասել է. «Աշխատավարձերի բարձրացումը լինելու է ապրիլի 1-ից: Այսինքն`ապրիլի վերջ մայիսի սկիզբ արդեն բարձրացած աշխատավարձ կստանան»:

Թերթը հիշեցնում է՝ քաղաքապետը հայտարարել է, որ Երեւանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20 տոկոսով կբարձրանան: Ցանկից դուրս են մնալու տնօրեններն ու փոխտնօրենները:

Կողմ ըլլալով՝ դեմ, կամ հակառակը

Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության՝ նախորդ տարվա գործունեության ծրագրի հաշվետվությունը, որը, «168 ժամ»-ի կարծիքով, առանձնահատուկ է մի քանի առումներով։ Հաշվետվությունը հետհեղափոխական կառավարության ծրագրի առաջին կատարողականն է, և կրում է հեղափոխության բոլոր դրական և բացասական կողմերը։

Բայց, ըստ թերթի, ամենահետաքրքիրը վերաբերում է հաշվետվության  քվեարկության հնարավոր պատկերին։

«Սա նախորդ կառավարության գործունեության հաշվետվությունն է, որին մաս են կազմել նաև «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»։ Հիմա թե՛ մեկը, և թե՛ մյուսը գտնվում են ընդդիմության կարգավիճակում։ Նրանք մի կողմից՝ չեն կարող դեմ քվեարկել մի կառավարության գործունեության հաշվետվությանը, որի մասն են կազմել իրենք, և որի համար պատասխանատվություն են կրում, մյուս կողմից՝ չեն կարող կողմ քվեարկել հաշվետվությանը, քանի որ արդեն գտնվում են ընդդիմության կարգավիճակում։ Սա ինչ-որ իմաստով Հայաստանի քաղաքական կյանքի դեֆորմացվածության արտահայտությունն է, թեև մյուս կողմից՝ այս իրավիճակի հիմքը նաև օբյեկտիվ է՝ սա հեղափոխության հետևանքն է։ Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», թերևս, պետք է առաջնորդվեն իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջ՝ Դաշնակցության հայտնի սկզբունքով՝ կողմ ըլլալով՝ դեմ քվեարկեն, կամ դեմ ըլլալով՝ կողմ»,-գրում է թերթը։