ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՀԿ դիտարկումը` Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
2019-03-28 12:51:26

Այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում՝ հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր զինվորի կորստի մասին: Ըստ հաղորդագրության, մարտի 26-ի երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող: Ըստ ադրբեջանական պաշտպանության նախարարության, մարտի 26-ին «բախումներ են եղել» Արցախի և Ադրբեջանի զինուժի շփման գծում, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի սահմանին:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Նշվում էր, որ հայկական կողմից տուժածներ չկան։