ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն ՊԵԿ հայտարարությունն անհիմն է համարում
2018-11-15 17:55:37

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


Երեկ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց՝  «Գազպրոմ Արմենիայում» խոշոր չարաշահումներ հայտնաբերելու վերաբերյալ: Հարուցվել է քրեկան գործ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այդ հայտարարությանը երեկ հակադարձել է նույն կերպ, իսկ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ընկերության տնօրեն Հրանտ Թադեւոսյանը ներկայացրել է նաեւ լրացուցիչ, մասնագիտական  մանրամասն պարզաբանումներ՝ ՊԵԿ-ի մեղադրանքները համարելով անհիմն:

Ըստ տնօրենի՝ այդ ամենը  արատավորում է «Գազպրոմ Արմենիա»-ի բարի համբավը եւ այդ ամենից վատ հետևանքներ են լինելու, հետեւաբար՝ պայքարելու են իրենց ճշտի համար բոլոր ատյաններում. պատրաստելու են հակահիմքերը եւ պաշտպանելու են իրենց բարի համբավը:

Կա շահագրգռվածություն խնդիրը բերելու «Գազպրոմի» դաշտ: Չեմ կարողանում հասկանալ՝ նպատակը որն է: Ես կպաշտպանեմ մեր բարի համբավը՝ այսօրվա ասուլիսում շեշտեց «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

 Երեկ ՊԵԿ-ի տարածած հայտարարությամբ նշվում է, որ  «Գազպրոմ Արմենիայում» բացահայտվել են մի շարք խախտումներ և  առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:

«ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

 

Այս մեղադրանքի հետ կապված «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադեւոսյանն այսօր շեշտեց.

«Գազպրոմ Արմենիան, տարիներ շարունակ լինելով ՀՀ առաջին խոշոր հարկ վճարողն, իրականացրել է տարեկան նվազագույնը 40 մլրդ դրամի հարկային վճարումներ, մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան»:

ՊԵԿ-ն իր հաղորդագրության մեջ նշել է, որ ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները:

«Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 2018  թվականի հունվար-մայիսի համեմատությամբնվազել է միջին հաշվով 3 անգամից  ավելի: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին,  2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որի դրսևորումները նույնպիսի համամասնությամբ միաժամանակ արձանագրվել են նաև ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում»,- ասված է հաղորդագրությունում:

 

«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադեւոսյանի խոսքով՝ բնականաբար ձմռան ամիսներին կորուստներն ավելի բարձր են, քան գարնան կամ ամռան ամիսներին: Այդ ամենի վերաբերյալ նա ներկայացրեց նաեւ մասնագիտական պարզաբանումներ: Ասաց, որ այդպես եղել է նախկինում, այդպես է այժմ եւ այդպես կլինի հետո:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի աշխատակիցները սխալ, ոչ կոռեկտ եզրահանգումներ են արել՝ հիմնվելով անհամադրելի տվյալների վրա: Ըստ տնօրենի՝ անհասկանալի շահագրգռվածություն կա՝ գազալցակայանների կողմից սպառման 46 մլն Խ/Մ աճը կապելու Գազպրոմ Արմենիայի 1-2 մլն Խ/Մ կորուստների տատանման հետ: 

«Պե՞տք է որ «Գազպրոմ Արմենիա»-ի կորուստները նվազեին 46 մլն խ/մ-ով՝ այո: Ենթադրում  է այդպես: Եթե կորուստների տարբերությունը կազմում է 1-2 մլն խ/մ, ինչպե՞ս կարելի է վերաբրել, որ կորուստները նցազել են 1-2 մլն Խ/Մ-ով, իսկ սպառումներն աճել են 46 մլն-ով եւ այստեղ կա կոռուպցիոն ինչ-որ ենթադրություն. Փորձենք գտնել ինչ-որ բան: Ես էլ եմ զարմացել: Հարց՝ ինչը որտեղից է: Հասկանանք օբյեկտիվությունը, ճիշտը եւ նպատակները այս ամեն ինչի»:              

ՊԵԿ նախագահ Արամ Անանյանն այսօր չի բացառել, որ «Գասպրոմ Արմենիայի» կորուստներին առնչվող տեղեկատվությունը եւ գազալցակայանների գործունեությունը կարող են խաչվել: Բայց դրա պատասխանը պետք է տա այս պահին առկա տեղեկատվության հիման վրա քննիչի որոշմամբ հարուցված քրեական գործի քննությունը.

«Քրեական գործ հարուցելը, դա, չակերտավոր ասած, դեռեւս դատավճիռ չէ: Պլանային ստուգման ժամանակ հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոշակի դեպքեր, որոշակի գործարքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու»:

Հարցերին խորությամբ պատասխանելու համար բոլոր գործողությունները պետք է կատարվեն՝ հավելում է ՊԵԿ ղեկավարը: Արամ Անանյանն անպատասխան է թողել հարցը, թե արդյո՞ք պատահականություն է հենց այս պահին ստուգումների իրականացումն ու քրեական գործի հարուցումը, երբ սպասվում է, որ առաջիկայում գազի նոր սակագնի հարցն է քննարկվելու:  

 

0:00
0:00