ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գյուղական դպրոցներում չկան սանհանգույցներ. ՄԻ պաշտպանի մտահոգիչ զեկույցը
2019-03-28 17:00:17

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր  ներկայացրել է դպրոցների և մանկապարտեզների սանհանգույցների եւ ջրամատակարարման վիճակի մոնիթորինգի արդյունքները՝ վիճակը գնահատելով մտահոգիչ: Մոնիթորինգն  իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում  201 դպրոցում և  մանկապարտեզում:  Ուսումնական հաստատություններն ընտրվել են պատահականության սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրականացրած մոնիթորինգի արդյունքներով Հայաստանի  գյուղական դպրոցների մեծ մասում  չկան սանհանգույցներ, դրանք գտնվում են դպրոցի բակում։ Շատ են օրինակները, երբ զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված չեն միջնապատով ու դռնով, կամ չեն փակվում։

Բազմաթիվ  դպրոցներում ասիական պետքարաններ են, կամ՝ կան սանհանգույցներ, բայց չկա հիգիենիկ ծածկ։ Դպրոցների 86 և մանկապարտեզների 56 տոկոսում բացակայում է տաք ջրամատակարարումը։ Սանիտարահիգիենիկ նման տխուր պատկերն , ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի,  զգալիորեն բարձրացնում է տարբեր հիվանդություններով երեխաների վարակման ռիսկը։ 121 դպրոցից միայն  8-ում և 80 մանկապարտեզից միայն երկուսում են զուգարանները հարմարեցված եղել  հաշմանդամների կարիքներին։

«Երեխաները ստիպված են ջուր խմել հենց ծորակից կամ ընդհանուր բաժակից։ Որոշ դպրոցներում չեն եղել առանձին զուգարաններ մեծերի համար։ 76 տոկոսում չեն եղել զուգարանի թուղթ և  սրբիչներ»:

Դպրոցների մեծ մասում չեն եղել առանձնացված  զուգարաններ տղաների և  աղջիկների համար։ Մի շարք դպրոցներում ջուր ընդհանրապես չի  եղել՝ ծորակների անսարքության  կամ բացակայության պատճառով: Ըստ Թաթոյանի, ուսումնական հաստատություններում հիմնականում ծանոթ  չեն այն կանոններին, որոնք անհրաժեշտ են երեխաներին հակասանիտարական  պայմաններից  պաշտպանելու  համար:

Մոնիթորինգի արդյունքները մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց նաև  համոզիչ լուսանկարներով՝ վիճակն ընդհանուր առմամբ բնորոշելով խիստ մտահոգիչ:

Արման Թաթոյանն ասաց, որ մինչ զեկույցը հրապարակելը խնդիրը քննարկել է ԿԳ նախարարի հետ, պայմանավորվել են, որ զեկույցում տեղ գտած խնդիրները ընդունվելու են որպես հիմք այդ ուղղությամբ քայլեր իրականացնելիս: Ռադիոլուրի հետ զրույցում նույնը վերահաստատեց նաև ԿԳ նախարարի մամուլի խոսնակ  Լուսինեն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ևս նշեց, որ ՄԻՊ –ի բարձրացրած խնդիրները ուշադրության առանցքում են: Դրանց մի մասը լուծելու ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվել են:

Ինչպես կրթական գերատեսչությունում, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում համամիտ են, որ խնդիրը արագ պետք է լուծվի:  Բայց  կոնկրետ ժամկետների մասին խոսելը դժվար է, քանի որ դպրոցների ու մանկապարտեզների սանիտարահիգենիկ պատկերը բարելավելու համար զգալի միջոցներ են պահանջվելու:

0:00
0:00