ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անցումային արդարադատություն եւ գույքի բռնագանձում. ինչպես հասնել հանրային համերաշխության
2019-03-28 17:34:52

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
        
     

Կներդրվի արդյո՞ք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտը Հայաստանում: Այդ մասին օրինագիծը մշակվում է, քննարկումները շարունակվում: Տեսակետներն էլ իրարամերժ են: Ոմանք համարում են, որ դա հակասում է սեփականության վերաբերյալ միջազգային պարտավորություններին: Անցումային արդարադատություն եւ գույքի բռնագանձում. ինչպես հասնել հանրային համերաշխության:

Որքանո՞վ է հասունացել գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում: Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ նախեւառաջ անհրաժեշտ էր ունենալ հայեցակարգ, որը կհստակեցնի, թե ինչի՞ համար են կատարվում այս կամ այն գործողությունները:

Առաջին քայլը պետք է լիներ այդպիսի հայեցակարգի մշակումը՝ լայն քննարկումների արդյունքում: Դա կբերեր համերաշխության՝ ճշմարտության հիման վրա՝ հավելեց Արթուր Սաքունցը: Առանձին հատվածային լուծումները, նրա ձեւակերպմամբ, արդյունավետ չեն կարող լինել:

Ապօրինի կուտակված ակտիվները վերադարձնելու հարցն, իհարկե, կարեւոր է, սակայն ոչ պակաս կարեւոր է, թե ինչպե՞ս ենք ցանկանում դա անել՝ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը: Նա 2018-ի հեղափոխությունից հետո այդ մասով հրապարակային առաջարկներ է արել: Կարծում է, որ «ինչպե՞ս» հարցի շուրջ պետք է հանրային քննարկումներ լինեն, քանի որ դա կարեւոր է հանրային համերաշխության տեսանկյունից:

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանի խոսքով՝ ունեւորների եւ ոչ ունեւորների միջեւ որոշակի կոնֆլիկտ ձեւավորված կա եւ դա նոր չէ: Այդ մասին, նրա խոսքով, վկայել են դեռ 90-ականներին անցկացված իրենց ուսումնասիրությունները:

Մշակվող օրենքով ասվում է, որ առանձնապես ծանր հանցագործություններով ձեռք բերված ակնհայտ ապօրինի գույքը կարող է առանց դատարանի որոշման բռնագանձվել, եթե հնարավոր չէ ընդունված ընթացակարգերով գույքի վերադարձը իրական սեփականատիրոջը կամ պետությանը վերադարձնելն ապահովելը:  

0:00
0:00