ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ստեփանակերտի Սուրբ Հովանի մայր տաճարի օծման արարողությունը` ապրիլի 7-ին
2019-03-28 18:01:43

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլի  7-ին  Ստեփանակերտում տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի օծման արարողությունը: եկեղեցին կառուցվում էր ավելի քան 13 տարի: Ռադիոլուրը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրուցել է եկեղեցու դերի, նշանակության ինչպես նաեւ  բանակցային գործընթացների մասին:  

 

Ավելի քան  13 տարի տևեց Ստեփանակետի  Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի կառուցումը: Եկեղեցու կառուցումը սկսվել է դեռևս 2006 թվականին, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով շինարարությունը սկզբնական փուլում դանդաղ է ընթացել: Բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։  Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է:

 

Արցախի թեմի  առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է, որ ապրիլի 7-ին տեղի է ունենալու եկեղեցու օծման արարությունը: «Եկեղեցին օծելու է Ամենայն  Հայոց կաթղիկոս  Գարեգին Բ-ն և մատուցելու է առաջին պատարագը»:

 



Սա ճարտապետի նախագծով կառուցվող երկրորդ եկեղեցին է  Ստեփանակերտում:  Արցախի թեմի առաջնորդն ասում է՝ Ստեփանակերտի  բնակչությունը 55 հազարից ավելի է, ու եկեղեցու անհրաժեշտություն կար, քանի որ մյուս եկեղեցին՝  Սուրբ Հակոբը, համեմատաբար փոքր էր: Սրբազանի հետ զրուցում ենք նաև եկեղեցու այսօրվա խնդիրներից: Հիշեցնելով մի քանի ամիս առաջ  տեղի ունեցած իրադարձությունները՝ հարցնում եմ՝ արդյո՞ք եկեղեցին  հեռացել է ժողովրդից, կա՞ ռազմավարության փոփոխություն անհրաժեշտություն:

«Չեմ  կարծում, որ եկեղեցին թուլացել է,  եկեղեցին եղե՛լ է,  կա ու մնալու  է: Խորհրդի կարգով ասեմ, եթե մարդիկ ինչ-որ բանից մտահոգ են, թող գնան  ավելի աշխույժ ձևով քարոզեն:  Ես ունեմ մի սկզբունք, ոչ  մեկին չեմ քննադատում, ոչ մեկից բան չեմ պահանջում: Ավելի լավ է ես գնամ հայկական պարսպի վրա  մի քար դնեմ, քան ամբողջ օրը գոռամ,  որ այստեղ փուչ է,  քամի է գնում: Եղբայր գնա՛ ու այդ քարդ դիր: Ես էլ շատ բան գիտեմ, ով ով է եղել , ինչ է արել  30 տարի Հայաստանում:  Բայց ես երբևիցէ  ինձ թույլ չեմ տա  դրա մասին խոսել, թե՛ որպես մարդ, թե՛ որպես  հոգևորական»:

 

Արցախի թեմի առաջնորդը  կարևորում է  եկեղեցու դերը բանակի կյանքում:  Ասում է, որ հոգևոր սպասավորների ներկայությունը զգոնություն է հաղորդում զինվորներին:  

«Ես զրուցում եմ մեր սպաների, գեներալների հետ և բոլորը ասում են, որ հոգևորականները մտան բանակ պատկերը սկսվեց փոխվել, ինքնասպանությունների մակարդակը իջավ: Նրանք աշխատում են, որ բանակում հայհոյանք չլինի, որը հաճախ դառնում է վեճի, կռվի, երբեմն  սպանության պատճառ»:

 

 

«Եթե ուզում ենք  ունենալ հզոր պետություն, ապա  ազգովի  պետք  է  հզորացնենք  բանակը ու ամրապնդենք ազգային  արժեքները». Սրբազանի համոզմունքն է:     

«Նախևառաջ գումարներ պետք է տրամադրել բանակին, հագեցնել բանակը, հետո մտածել գործարաններ բացելու մասին:  Եթե 10-15 գործարան բացեմ  ու 100 հազար աշխատեղ, բայց բանակը պարտվի, ապա այս գործարաններն էլ ուրիշի ավարը կդառնան»,- ասում է:

 

Սրբազանի հետ զրուցում ենք  նաև բանակցային գործընթացից ու այն սպասելիքներից,  որ  ունեն  արցախցիները: «Արցախցին պարզ ասում  է, իմ պատմական հողն է, կռիվը նրանք են սկսել, ոչ թե մենք: Ո՞վ պիտի հող տա: Էդ որ ասում են հող տալ, ես կարևոր որոշ մարդկանց անունները չտամ՝ ասում եմ. ամերիկացիներ 99 տարի անցավ, դու՞ք Ալյասկան գնել եք, դուք Ռուսաստանին հետ տվեցի՞ք, Սախալին, Կուրիլ: Ի՞նչու մենք մեր պատմական հողի համար, որ արյուն ենք թափել պետք է ետ տանք»,-նշում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

0:00
0:00