ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թեղուտը հնարավոր է վերագործարկվի. բնապահպանները մտահոգված են
2019-03-28 18:53:46

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Չի բացառվում, որ մեկ տարուց ավելի փակված Թեղուտի գործարանը  մեկ ամսից սկսի իր աշխատանքը: Այս մասին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բնապահպանները, սակայն, կարծում են, որ Թեղուտի վերագործարկումը վտանագավոր է:

«Ռեալ շարժեր Թեղուտում»  խորհրդարանական ամբիոնից անդրադառնալով մեկ տարուց ավելի փակված Թեղուտ հանքավայրի շուրջ ծավալվող իրադարձություններին՝  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև հստակեցրեց ՝ «Մեր հույսն այն է, որ առաջիկա մեկ  մեկու կես ամսվա ընթացքում այնպես կսկսեն»:

Թեղուտն արդեն ավելի քան մեկ տարի  չի աշխատում: Պատճառները տարբեր են.  ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ,  գրավադրված է ВТБ բանկում, պոչամբարը, մասնագետների պնդմամբ, վթարային վիճակում է:  «Ռադիոլուրի»  զրուցակիցը «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ տնօրեն Արամ Բաղդասարյանն է: Նա կարծում է, որ  Թեղուտը պետք է սկսի շահագործվել.  

«Կարևորը, որ հանքաքարին  հասել են: Ինչը որ պիտի կտրեին, կտրել, վերջացրել են, հանքաքարն այժմ այսպես ասենք ոտքերի տակ դրված է, սա և պետությանն է օգուտ, և բոլորին, եթե շահագործվի: Այն, ինչ արվել, արվել է, շահագործումն այժմ անվտանգ է, անիմաստ կլինի, եթե չշահագործվի»:

Տնտեսական գաղութացում, Հայաստանում հանքարդյունաբերական իրավիճակն այսպես է բնութագրում  բնապահպան , «Հանուն կայուն  մարդկային  զարգացման»  ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:  Նա  Թեղուտի  վերագործարկումը վտանգավոր է   համարում:

«Մեզ համար առավել խնդիր է  մետաղային հանքերի հարցը, ոչ մետաղական կարելի է շահագործել, բայց ավելի քաղաքակիրթ ձևով»:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը  կարծում է,  որ Թեղուտի շահագործմանը վերաբերող բաց հարցեր կան:  «Պոչամբարների պատվարների հետ լուրջ մտավախություն ունենք»:

Ֆեյսբուքյան «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամները հայտարարում են.  «Տեսնելով, որ Թեղուտի վերաբացմանը շատ քիչ ժամանակ է մնում, արհեստական խոչընդոտներ ստեղծողները հիմա էլ արհեստական բնապահպանների են ակտիվացրել, ովքեր դեմ են Թեղուտի հանքավայրի վերաբացմանը և իրենք էլ չգիտեն թէ ինչու, քանի որ նրանց չի հետաքրքրում 800 ընտանիքի ճակատագիրը և նրանք իրենց հանձնարարություններն են կատարում», նշում են նախաձեռնության անդամները՝  վստահեցնելով,  որ  այս անգամ Թեղուտի վերաբացման դեմ պայքարը  հաջողություն չի ունենալու:

Թեղուտի հանքավայրի վերագործարկման նպատակով Հայաստանի կառավարությունը բանակցում էր «Ռուսական պղնձի ընկերության» հետ, որին որպես ներդրող ներգրավել էր ՎՏԲ բանկը, որտեղ գրավադրված են Թեղուտի ակտիվները: Բանակցությունները վարվում էին ռուսաստանաբնակ գործարար Նորայր Պետրոսյանի միջոցով:  Կառավարությունում նշում են, որ   ռուսական ՎՏԲ բանկը և ռուսաստանաբնակ ներդրողը չեն կարողանում սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացը,  քանի որ կա խոչընդոտող դատական գործընթաց:  

0:00
0:00