ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանական գազի տարանցումը Հայաստանով Թբիլիսիում անիրատեսական են համարում
2019-03-29 12:17:48

Գիտա Էլիբեկյան
Ռադիոլուր-Թբիլիսի

Թբիլիսիում թերհավատորեն են նայում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանմանը։ Վերջին շրջանում թեև պաշտոնյաներն ակնհայտորեն խոսում են ադրբեջանական մատակարարումներին այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ փորձագիտական շրջանները դա անիրատեսական են համարում։

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի Իրան այցի օրերին հայտարարել էր, որ ապրիլին Թեհրանում պայմանավորվածություն կա քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Անցած տարիներին Վրաստանը կարողանալով նվազագույնի հասցնել երկրի կախվածությունը ռուսական աղբյուրներից, այսօր էլ այլընտրանք է փնտրում ադրբեջանական մատակարարումներին։ Հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանական SOCAR-ը հայտարարեց, որ բարձրացնում է Վրաստանին վաճառվող գազի գինը։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել են, որ Վրաստանի հետ նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Թբիլիսիում, սակայն, կարծում են, որ վրաց-իրանական էներգետիկ համագործակցության ապագան այժմ կախված է Ռուսաստանից

«Դա Կրեմլի ծրագրերում չկա։ Այսօր նույնիսկ Հայաստանը, որ Ռուսատանի կարևոր գործընկերն է, չի կարողանում Իրանից բավականաչափ գազ ստանալ։ Արևմտամետ երկիրը, որը դեպի ՆԱՏՕ է ձգտում, իհարկե, նման հնարավորության չի արժանանա։ Եթե դա իրականություն դառնա, ապա միայն քաղաքականության դեպքում՝ այն էլ ոչ Վրաստանի օգտին»

Ասում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Թուգուշին՝ նշելով, որ դա չի նշանակում, որ Վրաստանը դեմ է Հայաստանի տարածքով իրանական գազ ձեռք բերելուն։

Հայաստանյան Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ծրագիրն իրատեսական համարում է, սակայն դեռ վաղաժամ է դրա մասին խոսելը «որովհետև դա նշանակում է, որ ամբողջ խողովակը, համակարգը պետք է աշխատի ռեվերսիվ ռեժիմով։ Դա թեկուզ տեխնիկապես մեկ օրվա խնդիր չէ, բայց միանգամայն իրատեսական է, որ ծավալային փոխանցումը փաստաթղթով կատարվի, բայց տեխնիկապես մատակարարումը լինի Ռուսատանի հավելյալ ծավալների հաշվին՝ սվոփային փոխանակմամբ։ Ես կարծում եմ Վրաստանը Հայաստանը և էապես կբարելավեն իրենց գազային տնտեսությունները։ Բայց, իհարկե, այս ամենը կարող է տեղի ունենալ Թեհրանից ձեռնտու առաջարկ ստանալու դեպքում։  Ի վերջո աննորմալ է, երբ մեր տարածաշրջան գազը գալիս է Սիբիրից, երբ գազը ծփում է մեր քթի տակ»։  

Վրաստանի Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, Մաքքեյնի ինստիտուտի գիտաշխատող Բաթու Քութելիան ասում է, որ Վրաստանը կարևորում է էներգետիկ ոլորտում յուրաքանչյուր տարածաշրջանային քննարկում։ Վրաստանն արդեն ունի նման փորձ, ճգնաժամային իրավիճակում՝ 2006-ին, երբ պայթեցվել էր ռուս -վրացական գազատարը, Իրանից է կապույտ վառելիք ստացել Հայաստանի տարածքով։

«Դա ժամանակավոր որոշում էր պարզ է, որ այստեղ տեխնիկական խնդիրներ ևս կան։  Ռուսատանի ճնշմամբ Իրան Հայաստան գազատարը կառուցվել է փոքր ծավալով, այն չի կարող ապահովել համապատասխան ծավալի ներկրում և արտահանում։ Սա նույնպես Ռուսաստանի քաղաքականության մի մասն է, որ տարածաշրջանում երկրները չունեն միմյանց փոխկապակցված էներգետիկ ենթակառուցվածքներ»։

Վրացի փորձագետի խոսքով, Վրաստանը որքան մեծ դիվերսիֆիկացում ապահովի, այնքան կբարձրացնի ոչ միայն սեփական, այլև հարևան երկրների էներգետիկ անվտանգությունը։

0:00
0:00