ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերադարձ պետական կառավարմանը
2018-11-15 18:47:14

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները վերադարձվում են պետական կառավարմանը։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հարցը տեխնիկականից զատ նաև երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:

Առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարությունը կառավարությունը հաստատել էր դեռ 2000 թվականին: Արդեն 2017-ին օրենսդիրը հաստատեց գործադիրի եռամյա ծրագիրը, որով մասնավորեցման դրվեց պետական բաժնեմասով շուրջ հինգ տասնյակ ընկերություն՝ այդ թվում՝ «Հայփոստը», «Հայֆիլմը», «Հրազդան» մարզադաշտը, Երևանի ոսկերչական գործարանը: Ցանկում հայտնվեց նաև շուրջ 1 տասնյակ առողջապահական հաստատություն, այդ թվում՝ Ուռուցքաբանության և Այրվածքաբանության ու ճառագայթաբանության կենտրոնները:

Դեռ 2017-ին խ
որհրդարանական ընդդիմությունը տարակուսած էր՝ ինչու է կառավարությունը հրատապ կարգով, արտահերթ նիստով, առանց հանրային քննարկումների խորհրդարան բերել պետական բաժնեմաս ունեցող տասնյակ ընկերությունների մասնավորեցման հարցը: Այս որոշման իմաստը մինչ օրս էլ անհասկանալի է նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի համար:

«Այսպիսի հիմնարկը սեփականաշնորհելը պրակտիկ սխալ է: Այրվածքային սեփական կենտրոններ ընդհանրապես աշխարհում գոյություն չունեն: Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք ունենք ատոմակայան, ու այպիսի կենտրոնը մասնավորեցնելու իրավունք պարզապես չունենք»:


Մասնավորեցման որոշումը ժամանակին հիմնավորվել էր առողջապահական հաստատությունների անարդյունավետ աշխատանքով ու որոշվել էր դրանք տալ մասնավոր կառավարողի և պահանջել այս հիմնարկների զարգացման ներդրումային ծրագրեր: Տարիներն անցել են, բայց մասնավորեցման ցանկություն հայտնողներ չեն գտնվել: Իսկ այս ընթացքում առողջապահական հիմնարկներն առողջապահական գերատեսչության ենթակայությունից դուրս էին՝ պետգույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո: Փաստացի տարօրինակ վիճակ էր ստեղծվել՝ բացատրում է առողջապահական գերատեսչության ղեկավարը: Արսեն Թորոսյան:

«Փաստորեն, մենք ունենք բժշկական բազմաթիվ կազմակերպություններ, որոնք գտնվում են պետգույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, ու մենք հաճախ պրոբլեմներ ենք ունենում այդ հիմնարկների օպերատիվ կառավարմանը միջամտելու առումով, քանի որ չունենք նման լիազորություն: Բայց հաճախ հենց մենք ենք ստանում այն բողոքներն ու խնդիրները, որոնց դեպքում պետք է միջամտենք»:


Ստեղծված իրավիճակին սեփական գնահատականն է տալիս նաև կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյան:

«Մի քիչ տարօրինակ վիճակ է: Այո, պետք է քննարկել սկզբունքային մոտեցումներն ու ըստ այդմ առաջնորդվել»:

Ելնելով ստեղծված վիճակից՝ գործող կառավարությունը վերանայում է նախկինի որոշումները: Որոշվեց՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը չեն մասնավորեցվի. դրանք վերադարձվում են առողջապահության նախարարության ենթակայությանը:

Ինչու հենց այս երկուսը. նախարարի պաշտոնակատարը մեկնաբանում է՝ սրանք երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանրապետությունում գործող և օնկոլոգիական բուժօգնության և հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր և բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է: Իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այսպիսի միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է՝ ժամանակին մամուլից էր տեղեկացել, որ իր ղեկավարած կենտրոնը դրվել է մասնավորեցման: Հիմա էլ է մամուլից տեղեկանում, որ այն վերադարձվում է առողջապահության նախարարությանը: Սակայն, տեխնիկական հարցերը մի կողմ դնելով, շեշտում է՝

«Սկզբունքորեն մի հարցի հետ համաձայն եմ ու պնդելու եմ՝ պետության ներգրավվածությունն ու հովանավորությունը պետք է լինեն ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Մնացած տեխնիկական հարցերի առումով, թե ինչ պետք է արվի, կարծում եմ՝ քննարկումները կտան լավ արդյունք»:


Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների
աճն ու բուժման համար պետպատվերով հատկացվող գումարների սղությունը պարտադրում են նոր մոտեցում ցուցաբերել ուռուցքաբանությանը: Եկող տարվա բյուջեով արդեն նախատեսվում է ոլորտին հատկացումներն ավելացնել։ Իսկ ուռուցքաբանության կենտրոնը պետական կառավարմանը վերադարձնելու որոշումն ընդունվում է՝ ընդունելով վարչապետի հանձնարարականը՝ ներկայացնել այս կենտրոնների զարգացման կոնկրետ ծրագրեր ու գործնական քայլերի ժամանակացույց:

0:00
0:00