ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բետոնը քանդվում, ծեփերը թափվում են. համատիրությունը խոստանում է նորոգել
2019-03-29 11:41:37

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բազմաբնակարան շենքերի բնակիչները դժգոհում են շենքերի տանիքներին գազի օդափոխիչների սխալ տեղադրումից, որի հետևանքով բազմաթիվ խնդիրների առաջև են կանգնել:

Բազմաբնակարան շենքերը գազիֆիկացնելուց առաջ տանիքին տեղադրվում են դեֆլեկտորներ՝ գազի օդափոխիչներ: Բաշինջաղյան 1-ին նրբ.12շենքի առաջին մուտքի բնակիչները դժգոհում են՝ մասնագիտական սխալի արդյունքում շենքը վնասվում է.

«Գլխին պետք է օրենքով գլխարկ լիներ: Գլխարկը մի քանի ամիս է, որ ընկել է, բայց միևնույն է՝ մասնագիտորեն, շինարարական տեսակետից սխալ էին տեղադրել։ Կտուրի տակ գտնվող խողովակը գոնե պետք էր ցեմենտապատել, բետոնապատել: Այդպես խցկել են այդ մետաղե խողովակը ու գնացել: Ու անընդհատ կաթում է այդտեղից՝ ասում են բնակիչները:

Դիմել են շենքի կառավարչին: Վերջինս էլ պատասխանել է, որ մուտքերի վերանորոգման ծրագրերի շրջանակներում կշտկեն նաև այդ խնդիրը: Սակայն ամիսներ են անցել, խնդիրը մնացել է նույնը.

«Բետոնը քանդվում է, այստեղ, որ տեսնեք անձրևի օրերին ինչ է կատարվում, գունդ-գունդ ցեխակտորներ, և՛ բետոնի կտորներ, և՛ գաջի կտորներ, և՛ ծեփի կտորներ թափվում են մինչև առաջին հարկ: Նոր ենք վերանորոգել բնակարանը: Եթե այսպես շարունակվի այդ կաթոցները նաև մեր տանը կլինեն: Կարող է փլվել այս պանելը, իսկ դա նշանակում է, որ կարող է փլվել ամբողջ շենքը»:

Շենքի կառավարիչ Տիգրան Պետրոսյանը հաստատեց բնակիչների խոսքերը և կրկնեց խոստումը՝ մուտքի վերանորոգման դեպքում կնորոգվի նաև դեֆլեկտորը:

«Այս տարի նախատեսվում է մոտ 18 մուտքի վերանորոգում: Սակայն առաջին մուտքը չի մտնում դրա մեջ, բայց ամեն բան անում եմ, որ այդ մուտքն էլ մտնի»:

Ավելի ուշ՝ շենքի կառավարիչը հայտնեց, որ մինչեւ շաբաթավերջ այս մուտքում դեֆլեկտորը կնորոգվի։

Շենքի անմխիթար վիճակը չնկատել չէր լինի: Բնակիչներն էլ հավաստեցին, որ վերանորոգման աշխատանքները խորհրդային տարիներին կատարվածն է: Այդ տարիներին կառուցված շենքում որոշ վերանորոգումներ եղել են, բայց բնակիչների միջոցներով ու ուժերով:

«Ոչ մի բան համատիրությունը չի արել: Միակ բանը, որ համատիրությունն արել է այս ապակիների կտորտանքներն է կպցրել: Իսկ օրինակ, իմ տունը, որ ջրհեղեղ եղավ, բառիս բուն իմաստով, դիմեցի այդ ժամանակ քաղաքապետը Բեգլարյանն էր: Անձամբ ես 30 հազար դրամ եմ վճարել, որպեսզի տանիքս վերանորոգվի»:

Բնակիչների այն պնդմանը, որ համատիրությունը շենքում վերանորոգման ոչ մի աշխատանքներ չի կատարել, շենքի կառավարիչը հակառակն է պնդում՝ դա չի արվել նախորդների ժամանակ, սակայն իր կառավարման տարիներին բազմաթիվ աշխատանքներ են կատարվել:

«Անցյալ տարի 24, 25, 34, 35, 47, համատիրության միջոցներով կատարվել է ահռելի աշխատանք: 4-րդ մուտքն ամբողջությամբ վերանորոգվել է»:

Դեֆլեկտորի սխալ տեղադրմանը խնդիրը միայն այս շենքինը չէ։ Այլ շենքերից եւս բողոքներ ստացել ենք։ «Գազպրոմ Արմենիայից» մեզ պատասխանեցին, որ ոչ տեղադրումը, ոչ էլ նորոգումն իրենց լիազորության մեջ չի մտնում։ Ընկերությունն ուղղակի բազմաբնակարան շենքը գազիֆիկացնում է միայն դեֆլեկտորի առկայության դեպքում։

0:00
0:00