ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ելակ մշակելը շահութաբեր է
2019-03-29 13:01:45

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզում ելակի մշակությամբ հիմնականում զբաղվում են Վաղարշապատի տարածքի գյուղերում: Գյուղատնտեսության մեջ այն եկամտաբեր ճյուղ է: Շատ աշխատանք է պահանջում և շատ բերք տալիս: Ելակն արդեն ծաղկել է և մեկ ամսից կգրավի շուկան:

Վաղարշապատի տարածքի գյուղերում ջերմոցային տնտեսություններով շատերն են զբաղվում: Աշխատասեր գյուղացիները հողը պարապ չեն թողնում, իրենք էլ անգործ չեն նստում: Պոլիէթիլենային թաղանթներով ջերմոցների տակ տարբեր մշակաբույսեր են աճեցնում՝ լոլիկ, պղպեղ, վարունգ կանաչիներ, ելակ: Ելակի ջերմոցները տեսանելի են նաև Երևան-Արմավիր մայրուղուց: Ծիածան գյուղի ջերմոցներում ելակի թփերի վրա արդեն նկատելի են ծաղիկները:

«Եթե ցուրտը չտանի, ապա մեկ ամսից բերք կունենանք»:

Գարնանային ցրտահարության վտանգն անսպասելի է, եղանակի շրջադարձային փոփոխությունը՝ նույնպես: Արդեն մեկ շաբաթ է գյուղացիները բացել են ջերմոցները, որպեսզի բույսերը չխաշվեն:

«Առավոտյան բացում ենք, երեկոյան փակում: Ձմռանը բույսը քնած է, ցրտահարության վտանգ չկա, հողով ծածկում ենք»:

Ելակի լավ բերք ունենալու համար գյուղացիներն այս ամիսներին չեն շտապում շուտ ոռոգել, քանի որ ջրելուց բույսն արագ է աշխատում, միանգամից ծաղկում: Հիմա որքան հնարավոր է այն հետաձգում են: Ջերմոցների հողը տարվա մեջ 2 անգամ են պարարտացնում: Ինչպես այգիներում և բաց դաշտերում, այնպես էլ ջերմոցներում օրավարձով աշխատողներ կան: Հիմա քաղհանը 5000 դրամով են կատարում: Արևոտ օրերին ջերմոց մտնել հնարավոր չէ, շոգ ու տոթ է:

Սեդա Գրիգորյանն աշխատում է օրավարձով, բայցև միաժամանակ մշակում իր ջերմոցները: Ասում է 14 ջերմոց էլ իրենք ունեն և ընտանիքով են մշակում:

«Ելակն ավելի օգտավետ է, քան լոլիկը, վարունգը, լոբին: Որ լավ մշակենք, ամեն ինչ տեղը-տեղին անենք, լավ բերք կստանանք»:

Բերքի իրացման խնդիր չունեն: Գնորդն ինքն է հասնում ջերմոց ու գնում անհրաժեշտ քանակության բերքը: Անցած տարի վաճառքի օգուտը քիչ էր, բերքն էժանացել էր: «Հեղափոխության պատճառով մեր 3000 դրամանոց ելակը ամանը 1000 դրամով հազիվ էինք ծախում, բոլոր ցույցերի էին մասնակցում ու առնող չկար»:

Ջերմոցների բերքից հետո գյուղացիները մշակում են բաց դաշտերը, որտեղ կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ ու այլ բանջարեղեն են աճեցնում:

0:00
0:00