ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում օգտատերերի 15,7%-ը 2018-ին բախվել է ֆիշինգի
2019-03-29 14:45:13

2018 թվականին Հայաստանի օգտատերերի 15,7%-ը բախվել է ֆիշինգի՝ կիբեռհանցագործության այն տեսակին, որի նպատակն է համացանցում ստանալ օգտատերերի գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը, մուտք գործել վարկային հաշիվները: Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16,5%, իսկ Ադրբեջանում ՝ 13,8%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները: Նշված ցուցանիշները ցածր են համաշխարհային միջին 18,32% մակարդակից:

Աշխարհում խարդախների շրջանում ամենատարածված թեմաներից մեկը մնում է կրիպտոարժույթը։ Անցած տարի «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական համակարգերը կանխել են ֆիշինգային կայքերին անցնելու 410 հազար այն փորձերը, որոնք նմանակում են հայտնի կրիպտոարժութային բորսաները, հարթակները և դրամապանակները։ Խարդախները նաև ակտիվորեն կեղծել են կրիպտոարժութային ծառայություններ մուտքի էջերը՝ օգտատերերի հաշվառման տվյալները ձեռք գցելու հույսով։

«2018 թվականը հերթական անգամ ցույց տվեց, որ չարագործները շարունակում են ուշադիր հետևել նորություններին և դրանք օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար։ Մենք տեսնում ենք կրիպտոարժույթների հետ կապված ռեսուրսների վրա ֆիշինգային գրոհների աճ, և սպասում, որ այս տարի չարագործները կշարունակեն հնարել նոր սխեմաներ. չնայած փոխարժեքների անկմանը և, ընդհանուր առմամբ, կրիտոարժույթների շուկայում դիտվող դժվար ժամանակներին, ֆիշերները և սպամերները ձգտում են այդ թեմայից քամել առավելագույնը»,- պատմում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ավագ կոնտենտ-վերլուծաբան Տատյանա Սիդորինան։

Խարդախներին ինքնուրույն փող փոխանցելու քայլին զոհին դրդելու ևս մեկ տարածված եղանակ են դարձել վիճակախաղով երաշխավորված շահումի կամ հարցում անցնելու համար պարգևատրման խոսստումները։

2018 թվականին արգելափակվել են նման խարդախ կայքեր անցնելու ավելի քան երեք միլիոն փորձեր։

Բացի թեժ թեմաների շահագործումից, չարագործները 2018 թվականի ընթացքում շարունակել են ներգրավել ֆիշինգային և սպամ-բովանդակության տարածման նոր խողովակներ։ Նրանք ոչ միայն դուրս են գալիս փոստային առաքումների շրջանակից, այլև ակտիվորեն ներգրավում են օգտատերերին վնասաբեր հաղորդագրությունների տարածման մեջ։

Այսպես, անցյալ տարի գրանցվել է «ինքնատարածվող» ֆիշինգ՝ մեսենջերներում և սոցիալական ցանցերում (առավելապես WhatsApp-ում ) ամենազանգվածային գրոհներից մեկը։ Չարագործներն օգտատերերին ավանդաբար խոստացել են անվճար շահավետ առաջարկներ կամ գոյություն չունեցող վիճակախաղեր՝ պայմանով, որ նրանք հաղորդագրությունը կուղարկեն իրենց ընկերներին կամ կհրապարակեն սոցիալական ցանցի իրենց էջում։