ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետեկամուտների կոմիտեն այլևս ՀԴՄ-ներ չի ներկրի
2019-03-29 17:26:34

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀԴՄ սարքերի ներկրման ու տեխնիկական սպասարկման դաշտն ազատականացված է: Այսուհետ այս ոլորտում գործունեություն կարող են ծավալել բոլոր տնտեսվարողները: Կառավարությունն այսօր նախկինում ընդունած երեք որոշումներում է փոփոխություններ կատարել: ՊԵԿ-ին չի հետաքրքրում՝ դաշտի ազատականացումից հետո ՀԴՄ-ների ձեռք բերման  գները կնվազե՞ն, թե՞ ոչ, կարևորն այստեղ ոլորտն ազատականացնելն է:

«Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում չի բացառել, որ առաջիկայում ՀԴՄ սարքերի ներկրման ու տեխնիկական սպասարկման գները նվազեն:

Երեք գործառույթ, որով այսուհետ կզբաղվի ՀԴՄ-ներ ներկրող ՊՈԱԿ-ը. սահմանամերձ բնակավայրերում և համայնքներում գործունեություն իրականացնողներին տրամադրել անվճար ՀԴՄ-ներ, ՀԴՄ-ների անվճար տեխնիկական սպասարկում, եւ երրորդը. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ 

«Այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կունենան ոլորտում գործունեություն  իրականացնեն, այդ ՀԴՄ-ների տեխնիկական պարամետրերի համապատասխան վերլուծություն կիրականացնի ՊՈԱԿ-ը»:

Նախկինում այս ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական գործունեությամբ էր  զբաղվում: Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ  ՊՈԱԿ-ի գործառույթները հստակեցվել էին 2012թ նոյեմբերին:

Նոր որոշմամբ, ըստ էության, ՊԵԿ-ը զրկվեց ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու մենաշնորհից: Այժմ արդեն ներկրել կարող է ցանկացած տնտեսվարող։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց՝ կառավարությունը ժամանակ առ ժամանակ  խնդրի շուրջ բողոքներ է ստացել:

«Պետական մենաշնորհից  հրաժարվելը և ՀԴՄ-ների շուկայի ազատականացումը պետք է դրական էֆեկտ բերի»:


ՊԵԿ-ին չի հետաքրքրում՝ դաշտի ազատականացումից հետո ՀԴՄ-ների ձեռք բերման գները կնվազե՞ն, թե՞ ոչ։ Կարևորը, ըստ Անանյանի, ոլորտն  ազատականացված է.

«Ոլորտի ազատականացման իմաստը նա է, որ ՀԴՄ-ների թե գները, թե տեխնիկական սպասարկման գներն ամբողջությամբ պետության   կողմից  չի վերահսկվելու: Ինչքան խաղացողները շատ լինեն, ժամանակի ընթացքում գները կնվազեն»:  

 «Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում ՀԴՄ- ների եւ դրանց տեխնիկական սպասարկման գները նվազեն.

«Իհարկե հնարավոր է գների նվազեցում տեղի ունենա, քանի որ յուրաքանչյուր մոնոպոլիա ենթադրում է բարձր գներ: Երբ կա հավասար մրցակցային դաշտ՝ գների անկում կլինի»:

Շուրջ տասը կազմակերպություն եկել ու չբացահայտման համաձայնագիր կնքել ՊՈԱԿ-ի հետ՝ ասում է ՊԵԿ նախագահն  ու պարզաբանում՝  որպեսզի ՀԴՄ-ների տեխնիկական չափանիշերը ուսումնասիրվեն,  նրանք պետք է ուսումնասիրեն ՊԵԿ-ի ծրագրային ապահավումները, որպեսզի ցանցին միանան: Ուստի այդ կազմակերպությունները կնքել են գաղտնիության համաձայնագիր:

«Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանի խոսքով, նախորդ տարեվերջին մամուլը գրում էր, որ երկու կազմակերպություն  ցանկանում է ՀԴՄ  ձեռք բերել, սակայն չէր  կարողանում դրանք  իրացնել: Այժմ, զրուցակցիս խոսքով, այս և մյուս տնտեսվարողները  հանգիստ կարող են գործունեություն ծավալել: