ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանկապատանեկան մամուլի ներկայացուցիչները՝ ԿԳՆ մրցույթի լուսանցքո՞ւմ
2019-03-29 17:54:25

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ծիծեռնակը», «Աղբյուր»-ն ու «Կանչը» Կրթության և գիտության նախարարության մրցույթից  կարող են դուրս մնալ: 1990 թվականից պետական հատուկ կարգավիճակ ունեցող մանկապատանեկան  նշված երեք մամուլի ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել մրցույթն ու շարունակել իրենց պետական ֆինանսավորումը:

ԿԳՆ-ից էլ արձագանքում են՝ ահազանգը տեղին չէ, քանի որ մրցույթի վերջնական արդյուքի մասին խոսելը դեռ վաղ է:


«Ծիծեռնակ», «Աղբյուր» և «Կանչ» մանկապատանեկան ամսագրերն առ այսօր չեն ստացել պետբյուջեից իրենց տրամադրվող 40 միլիոն դրամը: Փոխարենը՝ նրանց առաջարկել են մասնակցել ԿԳՆ-ի հայտարարած մրցույթին, ինչն էլ  «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը բնորոշում է ծիծաղելի:

«Ինչու է կրթության նախարարությունը մանկապատանեկան մամուլի համար նախատեսված գումարը տենդերով բաշխում ու գումար տնտեսում այդ մամուլի հաշվին», -ԱԺ նախագահին հասցեագրած նամակում հարցնում են վերոնշյալ երեք ամսագրի ղեկավարները:

«Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանը վիրավորական է համարում այն, ինչ իրենց հետ կատարվում է:

«Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանի բնորոշմամբ,  խնդիրն այստեղ համակարգային է՝ ի վերջո, ուզում ենք մեր երկրում ունենալ որակյալ մանկապատանեկան մամուլ, թե չենք ուզում:

«Եթե ամեն տարի տենդեր ենք հայտարարելու և շահելու է նա, ով ավելի շատ է խնայելու մեր երեխաներից, ուրեմն բան չունեմ ասելու»,-նկատում է Տոնոյանը: Ներկայացնելով մրցույթի սկզնական փուլը հաղթահարածների ցուցակը, ասում է

«Այստեղ կան մարդիկ, որոնք նույնիսկ բարձրագույն կրթություն չունեն»:


Մանկապատանեկան մամուլի ներկայացուցիչները պահանջում են չկայացած համարել նախարարության հայտարարած մրցույթն ու տրամադրել իրենց  հասանելիք գումարը:

Խնդրի առնչությամբ ԿԳՆ-ից  արձագանքում են՝  ահազանգը տեղին չէ, քանի որ մրցույթի արդյունքը վերջնական չէ:

Ինչ վերաբերում է, այսպես ասած, էժանով առաջնորդվելու մրցութային սկզբունքին, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության աշխատակից Արթուր Կարապետյանն ասում է՝ դա ՀՀ Գնումների մասին օրենքի հստակ պահանջն է:

Ըստ Կարապետյանի, նախարարությունը ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական պահանջներ է ներկայացնում, որոնք չբավարարելու դեպքում մրցույթը կչեղարկվի  ու նոր մրցույթ  կհայտարարվի:

«Այս պահին մրցույթի առաջին փուլը դեռ ավարտված չէ և մենք չգիտենք՝ ի վերջո ովքեր են լինելու հաղթողները»,-«Ռադիլուր»-ին ասաց ԿԳՆ պաշտոնյան:

0:00
0:00