ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գլխավոր դատախազը հերքում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրը
2019-03-29 17:59:01

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ-ն այսօր աշխատել է ոչ ստանդարտ վիճակում՝ պատգամավորները նախ տապալեցին կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստը, հետո՝ «բերման ենթարկելու» քաղաքականությամբ քվորումն ապահովվեց եւ անհրաժեշտ նախագծերն ընդունվեցին: Այսօր խորհրդարանում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազը: Նրա այցը լիագումար նիստի հետ կապված չէր: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում փակ հանդիպման էր մասնակցում:

Այսօր առավոտից հարցականի տակ էր ԱԺ արտահերթ նիստի անցկացումը: Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության մեծ պատվիրակություն մեկնում էր Արցախ: Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ այցը հատուկ էր պլանավորվել՝  Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ յուրօրինակ «մեսիջ»-ի համար: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ այցը ամեն դեպքում դրական է:

Ամեն դեպքում, ըստ փոխնախագահի՝ պատգամավորները պետք է ճիշտ պլանավորեին օրը եւ չտապալեին կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստը: Չկատարած աշխատանքի համար սլաքներն ուղղվելու էր հենց խորհրդարանական մեծամասնությանը, քանի որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները գրեթե ողջ կազմով ներկայացել էին, գրանցվել եւ պատասխան էին պահանջում:

Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պահանջով, Արցախ մեկնած պատգամավորները ճանապարհի կեսից վերադարձան եւ ապահովեցին անհրաժեշտ քվորումը աշխատանքի համար: Մնացին, քննարկեցին եւ քվեարկեցին մինչեւ վերջին պահը:

Իսկ մինչ խորհրդարանը փորձում էր գումարել արտահերթ նիստ, ԱԺ-ում էր ՀՀ գլխավոր դատախազը: Աշխատանքային, բայց փակ քննարկման էր մասնակցում մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:
Նախկին իշխանությունների ժամանակ ընտրված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Շատերը դեռ հիշում են, որ նախորդ խորհրդարանում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չվստահեց դատախազի հաշվետվությանը: Ինչպե՞ս ստացվեց, որ հարմարվեցին.

« Լեզու գտնել, հարմարվել, կարծում եմ, որ սրանք տեղի եւ հասցեական հարցեր չեն: Ես իմ աշխատանքի իրականացմանը խոչընդոտների չեմ հանդիպել եւ ես շարունակում եմ իմ պարտականությունները կատարել: Որեւէ առիթով, որեւէ իրավիճակում լեզու գտնել-չգտնելու, համրարվել-չհարմարվելու խնդրի առաջ արբեք չեմ կանգնել»:  

Գլխավոր դատախազն այսօր չհաստատեց նաեւ, որ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հիմքեր կան այս պահին: Նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակին ուշադրություն դարձրեց՝ այն ուղարկելով ԱԱԾ եւ ՀՔԾ, քանի որ իրավական գնահատական պահանջող հանգամանքներ է նկատել նամակում:  

«Իսկ թե դրանք քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդման համար հիմնավոր կլինեն, թե՝ ոչ, արդեն իրականացված ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան: Ավարտված վարույթներով պետք է նոր երեւան եկած հանգամանքը լինի, որ վարույթ սկսենք: Մենք չենք կարող մարդկանց հրավիրել նոր հանգամանք պարզելու համար»:

Մեկ այլ աղմկահարույց՝ «Մարտի 1-ի» քրեական գործով ներկա պատկերը հետեւյալն է. նախաքննությունն ավարտված է որոշ մեղադրյալների մասով եւ նրանք այժմ ծանոթանում են գործի նյութերին: Գլխավոր դատախազն այսօր չշտապեց պարզաբանել, թե գործով մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը երբվանից է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Դատախազությունը համենայնդեպս հարցում էր ուղարկել:

«Քանի որ դեռ գործընթացը չենք ավարտել եւ այս պահի դրությամբ ինքը գաղտնի շփումների մեջ է փաստաթղթային, ես չեմ ուզի կիսատ տեղեկություն հրապարակել: Երբ կամբողջականացնենք այս տեղեկությունը՝ մանրամասն տեղեկություն կտանք Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքների, դրա պատճառների եւ իրավիճակների»:

Գլխավոր դատախազը չի մտահոգվում, որ վերջին շրջանի քրեական գործերի հետ կապված դիմումներ են ուղարկվել Եվրոպական դատարան: Արթուր Դավթյանը համոզված է՝ ամեն ինչը օրենքի շրջանակում է եւ իրավաչափ:

0:00
0:00